«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները, ովքեր գերեվարել են մեծ քանակով եզդի աղջիկների, նրանց միջից ընտրում են ամենագեղեցիկ կույսերին ու վաճառում որպես սեքս-ստրուկներ: Այս մասին հաղորդում է dailymail.co.uk-ը` վկայակոչելով ՄԱԿ-ում` հակամարտության գոտիներում սեռական բռնության հարցերով հատուկ ներկայացուցիչ Զայնաբ Բանգուրային:
Նրանց մերկացնում են, ուղարկում խմբավորման ինքնահռչակ մայրաքաղաքի` սիրիական Ռաքքա քաղաքի ստրուկների շուկաներն ու հանում «աճուրդի»: Կույսին տիրանում է նրա համար ամենաբարձր գինը վճարողը, ով իր համար ձեռք է բերում սեռական շահագործման օբյեկտ:
Բանգուրան նախքան այս մեղադրանքները ներկայացնելն ուսումնասիրել է մեծ թվով տեղեկություններ, որոնք հիմք են տվել նրան պնդել, որ իսլամիստները կանոնավոր կերպով սեռական բնույթի հանցանքներ են գործում եզդի կանանց նկատմամբ:
Նա մանրամասնել է, որ գրոհայինների ձեռքերում հայտնված մի եզդի աղջիկ որպես սեքս-ստրուկ վերավաճառվել է ո'չ ավել, ո'չ պակաս 22 անգամ:
Աղբյուրը մանրամասնում է, որ ներկայում իսլամիստների տնօրինության տակ են գտնվում հարյուրավոր եզդի կանայք: