ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին ոչ պաշտոնական մեկօրյա այցով Հայաստանում է: Նա այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, այնուհետև ժամանեց ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ ֆուտբոլի ակադեմիա: Ակադեմիայում լրագորղների հետ տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ ՈՒԵՖԱ-ի նախագահը նշե.

«Ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ: Բուլղարիա գնալու ճանապարհին որոշեցի այցելել նաև Հայաստան: Վաղուց չէի տեսել իմ ընկեր Ռուբենին: Որոշեցի այցելել նրան: Այստեղ եմ ընկերական այցով: ՈՒԵՖԱ-ում ունենք աշխատակից, ով հաճախ է գալիս Հայաստան՝ ֆուտբոլը զարգացնելու նպատակով: Այժմ Եվրոպայում մեծ ներդրումներ ենք անում տաղանդավոր ֆուտբոլիստներին հայտնաբերելու համար: Շատ լավ է, որ ՈՒԵՖԱ-ն ֆեդերացիաներին օգնում է գեղեցիկ դաշտեր ունենալու, ինչպիսին այսօր տեսնում ենք Հայաստանում: Լավ կլինի, որ այս դաշտերում լավ ֆուտբոլիստներ խաղան: Արդեն երկու տարի է՝ փորձում ենք զարգացնել փոքրիկ ֆուտբոլիստների դպրոցը»,- հայտնեց նա:

Պլատինին, անդրադառնալով նաև ֆուտբոլում ռասիզմի հետ կապված խնդիրներին, հավելեց.

«Ռասիզմի հետ կապված խնդիրներ կան ամբողջ աշխարհում: Իսկ մենք մեր հերթին փորձում ենք լուծումներ տալ դրանց: Հայաստանի և Ադրբեջանի միջև եղածը ռասիզմի խնդիր չէ: Դա քաղաքական հարց է, որը ՈՒԵՖԱ-ի հետ կապ չունի»:

Միշել Պլատինին ոչ պաշտոնական այցի ընթացքում եղել է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:

Խոսելով «Յուվենտուսի» Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու մասին, Պլատինին նշեց. «Հուսով եմ՝ կհաղթի լավագույնը»: