Ռուսական էստրադային երգչուհի, դերասանուհի, ժողովրդական արտիստ և ռուսական շոու-բիզնեսի «առաջին տիկին» Իրինա Ալեգրովան ծնվել է Դոնի Ռոստով քաղաքում: Երգչուհին ծնված օրվանից կրել է Ալեգրովա ազգանունը՝ հակառակ տարածված ասեկոսեներին: Այս մասին հայտնում է euromedia24.ru-ն: 

 

Ռուսական էստրադայի «կայսրուհին» 1974 թվականից սկսած հանդես է եկել զանազան երաժշտական խմբերում՝ «Москонцерт»-ի համակարգում, «Вдохновение», «Молодые голоса» անսամբլներում, «Факел» երգչախմբում, «Огни Москвы» երաժշտական համույթում:

 

1985 թվականին Իրինա Ալեգրովան հաղթել է «Песня года» էստրադային երգի հանրահռչակ մրցույթում: Այդ պահից ի վեր՝ նա մեծ ճանաչում է ձեռք բերել: Այդ հաղթանակը վերջ է դրել Ալեգրովայի` «Огни Москвы» խմբի մենակատարի կարիերային: Նա շարունակել է ստեղծագործել արդեն «Электроклуб» խմբի կազմում: 1987 թ. «Мелодия» ընկերությունում լույս է տեսել «Электроклуб»-ի առաջին սկավառակը, որում Իրինան ներկայացնում է Տուխմանովի երկու երգերը՝ «День рождения»-ն և «Старое зеркало»-ն:

 

Մարտ ամսին Ալեգրովան և Իգոր Տալկովը մասնակցում են «Золотой камертон» երիտասարդ կատարողների համամիութենական մրցույթին՝ Տալկովի «Три письма» երգով: Արդյունքում նրանք արժանանում են երկրորդ մրցանակին: «Электроклуб-2» ռոք խմբից հետո Իրինան սկսում է իր սոլո կարիերան:

 

Արդեն 1991 թվականին անհավատալի ստեղծագործական թռիչք կատարելով՝ Իրինա Ալեգրովան դառնում է ռուսական էստրադայի առաջատարը: Նրա մասնակցությամբ համերգները լցնում էին մարզադաշտեր և ամենամեծ համերգասրահները, իսկ ժողովրդականությունն աճում էր օրեցօր: «Մոսկովսկի Կոմսոմոլեց» թերթն այդ կապակցությամբ հետևյալն է գրում. «Ալեգրովան «խորտակել է» Պուգաչովայի` երկրի համար առաջին երգչուհի կոչվելու մենաշնորհը»:

 

Երկրի խոշորագույն համերգասրահներում կայացած համերգները, երաժշտական հայտնի տեսահոլովակներն ու հիթ դարձած երգերը նրան դարձրել են ռուսական էստրադայի «առաջին տիկինը»:

 

2012 թվականին հայտնելով բեմը լքելու իր մտադրության մասին` Իրինա Ալեգրովան հայտարարել է, որ «այն, ինչի մասին նա ցանկանում էր երգել, երգված է»: Այնուամենայնիվ, բեմը բաց չթողեց «կայսրուհուն». նոր երգեր, նոր շոու, որում մի շարք նոր երգերից բացի, տեղ է գտնվել նաև «կայսրուհու» նախկին և բոլորի կողմից վաղուց սիրված հիթերի համար:

 

Մայիսի 23-ին Երևանում Իրինա Ալեգրովան բացառիկ երաժշտական ներկայացում է ցուցադրել, որի ընթացքում երգել է ինչպես իր նոր երգերը, այնպես էլ արդեն վաղուց սիրված հիթերը: Բեմից նա բազմաթիվ անգամ սեր է խոստովանել Հայաստանին և իր հավատարիմ հայ հանդիսատեսին: Ի. Ալեգրովան պարգևատրվել է Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալով՝ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման և էստրադային արվեստի զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար:

 

Երգչուհին, նախ և առաջ, շնորհակալություն է հայտնել ներկաներին, որ թեև համերգը երկու անգամ հետաձգվել էր, այնուհանդերձ նրանք բաց չեն թողել իր համերգին ներկա գտնվելու հնարավորությունը:

 

«Ես նույնպես մարդ եմ: Ես նույնպես հիվանդանում եմ։ Խոնարհվում եմ հայ բժիշկների առջև, ովքեր բուժեցին ինձ: Շնորհակալ եմ, որ այստեղ եք, ինձ հետ, որ այսքան շատ եք։ Շնորհակալություն գնահատելու համար, շնորհակալություն, որ ինձ ձերն եք համարում»,- ասել է երգչուհին:

 

Ալեգրովան նաև պատմել է, թե ինչու է մինչև այժմ ելույթ ունենում, երբ դեռ 2012 թվականին հրաժեշտի հյուրախաղեր էր հայտարարել: Նրա խոսքով՝ հենց իր արվեստի երկրպագուներն ապացուցեցին իրեն, որ բեմը լքելու մասին որոշումը վաղաժամ էր։ «Երջանիկ եմ, որ Հայաստանում եմ: Ցավում եմ միայն, որ լուսահոգի հայրս ու մայրս չեն տեսնում սա»,- ասել է Ալեգրովան:

 

Նա հայտնել է նաև, որ նոյեմբերի 3-ին նոր մենահամերգային ծրագրով ելույթ կունենա Մոսկվայում՝ «Օլիմպիյսկի» համերգասրահում: Երգչուհին երևանյան հանդիսատեսի համար անակնկալ նվեր է մատուցել` որոշ հատվածներ երգելով իր նոր համերգային ծրագրից:

 

Եվ քանի որ հանդիսատեսը ցանկացել էր լսել նրա բոլոր հին երգերը, երգչուհին երգել է մի երգ, որում տեղ էին գտել նրա գրեթե բոլոր հիթերի հայտնի արտահայտությունները:

 

Երաժշտական ներկայացման ավարտին, երբ չդադարող ծափերը նրան կրկին բեմ են դուրս բերել, նա մի քանի ռոմանտիկ երգեր է երգել և բոլորին սեր ու խաղաղություն մաղթել: Երգչուհին խոստացել է վերադառնալ իր սիրելի Երևան` իր սիրելի հայ հանդիսատեսի մոտ: