«Mediamall.am» լրատվականն ամփոփում է օրը.
Ադրբեջանցիները վախենում էին հաղթել «Եվրատեսիլ 2015-ը»
«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի եզրափակչում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբը հանդես եկավ վեցերորդ համարի ներքո: Խմբի անդամները ավստրիական բեմում կատարեցին «Face The Shadow» (Առերեսվի՛ր ստվերին) երգը:
Իր ելույթի ընթացքում հայկական խումբը մի քանի րոպեի ընթացքում ներկայացրեց հայ ժողովրդի անցած ուղին և ծագումնաբանությունը' «6 արտիստ, 6 ճակատագիր, 1 պատմություն» ենթատեքստով:
ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանի հետ՝ ճշտելու՝ ինչպիսին էր ադրբեջանական կողմի արձագանքը Եվրատեսիլի հայկական երգից հետո:
Ասատրյանը նախ նշեց, որ այս տարի առհասարակ Եվրատեսիլի նկատմամբ հասարակության կողմից հնչեղ արձագանք չեղավ, ինչպես մյուս տարիներին էր.
«Հանրության հետաքրքրությունը ընկել է: Հիմնականում մինչև մրցույթի անցկացումը մարդկանց մոտ մտավախություն կար՝ Ադրբեջանը չհաղթի մրցույթում, որպեսզի չստացվի այնպես, որ հաջորդ տարի Ադրբեջանի վրա կազմակերպչական ծանր տնտեսական բեռ ընկնի:
Եվրոպական խաղեր են սպասվում, հսկայական ծախսեր կան, և մարդիկ ասում էին, որ տնտեսապես չեն «ձգի», և «կմեռնեն», որովհետև արդեն իսկ զգացել են ԵՎրոպական խաղերի կազմակերպման բարդությունը»,- ասաց Ասատրյանը և հավելեց, որ, այնուամենայնիվ, մրցույթի ավարտից հետո հատկապես ԶԼՄ-ների մոտ նկատվում էր հիասթափություն' ստացած քիչ ձայների պատճառով.
«Հայերի մասով երկու խոսքով են անդրադարձել: Ասել են, որ հայերը ցեղասպանության պնդումներով բոլորին արդեն զզվացրել են»,- եզրափակեց Ասատրյանը:
***
«Բազառային» տարբերակ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դիմել է «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին»՝ հոսանքի սակագնի վերանայման հայտով: Ընկերությունն առաջարկում է բնակչության համար էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամի սակագինը բարձրացնել 17 դրամով: Եթե հանձնաժողովը համաձայնի՝ սպառած էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը ներկայիս 41 դրամ 85 լումայի փոխարեն կդառնա 58 դրամ 93 լումա, իսկ գիշերային սակագինը՝ 48 դրամ 93 լումա՝ ներկայիս 31.85 դրամի դիմաց:
Երեկ՝ ժամը 21:00-23:00-ն, կայացավ «Մութ ժամեր» ակցիան, որի շրջանակներում բազմաթիվ քաղաքացիներ, ի նշան բողոքի, երկու ժամով անջատեցին էլեկտրաէներգիան:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Բադալյանը, խոսելով նախատեսվելիք բարձրացման մասին, ասաց, որ իշխանություններին մեկ անգամ ևս կհաջողվի թանկացնել էլեկտրաէներգիան: Քաղաքագետը նկատեց, որ գուցե կլինեն փոքր խմբեր, ովքեր ինչ-ինչ միջոցներ կձեռնարկեն, սակայն արդյունքը կլինի նույնը:
Հարցին՝ ի՞նչ է կարծում, ամեն դեպքում, էլէներգիայի սակագինը կթանկացվի առաջարկված 17 դրամի չափո՞վ, թե՞ հնարավոր է որոշ քննարկումների և բողոքների պատճառով մի փոքր ցածր բարձրացում լինի, քաղաքագետը պատասխանեց. «Շատ ընդունված «բազառային» տարբերակ է, ասում են՝ գինն ինչքան է, հետո էլ, թե՝ բա վերջին գինն ինչքա՞ն է: Առաջարկում են 17 դրամ, գուցե այդքան էլ բարձրացնեն, բայց հնարավոր է իջեցնեն՝ հասցնելով 10 դրամի, այսինքն՝ ինչքան կորոշեն իշխանությունները, իսկ դրա վրա որևէ բողոք չի կարող ազդել: Մեր հասարակությունն այլևս դիմադրողականություն չունի, հասարակության 95 տոկոսն ընդամենը բնակիչներ են, որոնք մտածում են իրենց առօրեական խնդիրների, «յոլա գնալու», արտագաղթի մասին, իսկ մնացած 5 տոկոսն արդեն ուժ չունի ինչ-որ բան փոխելու»,- ասաց քաղաքագետը:
***
Անփոխարինելի Արթուր Բաղդասարյանը
ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին Ազգային Անվտանգության խորհրդի պաշտոնից ազատելուց հետո այդ աթոռն այդպես էլ զբաղեցնող չեղավ: Անփոխարինելի՞ էր Արթուր Բաղդասարյանը, թե՞ մեր երկրում այդ պաշտոնի համար այլ թեկնածու չկա:ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցն այս հարցն ուղղեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանին, ով չցանկացավ հարցին լայն անդրադարձ կատարել.
«Միայն երկու դիտարկում կարող եմ անել: Նախ Հանրապետության նախագահի իրավասությունների շրջանակում է նշանակել կամ չնշանակել Անվտանգության խորհրդի քարտուղար: Հետևաբար, չեմ կարող պատասխանել, թե ինչու որևէ մեկը մինչև հիմա չի նշանակվում այդ պաշտոնում: Մյուս կողմից՝ Արթուր Բաղդասարյանի պաշտոնավարման այդ 6 տարվա ընթացքում նրա ղեկավարած հիմնարկը ճանաչվեց ոչ միայն մեր երկրում, այլև դրա սահմաններից դուրս, կայացավ և իր ուրույն տեղն ու նշանակությունն ուներ մեր պետական կառավարման համակարգում: Դա փաստ է»,- ասաց պատգամավորը:
***
Բժիշկները պայքարում են «Ճոյտի» որդու և եղբորորդու կյանքի համար
Այսօր առավոտյան ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի մայրուղում՝ «Զվարթնոց» ռեստորանի մոտակայքում գտնվող գազալցակայանում լիցքավորման սարքից տեղի է ունեցել պայթյուն: Գազալցակայանը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, «Ճոյտ» մականվամբ Հակոբ Հակոբյանին:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանն ասաց, որ իրենց մոտ է տեղափոխվել երեք քաղաքացի՝ գազալցակայանի աշխատակից Արթուր Գասպարյանը, Հակոբ Հակոբյանի որդին՝ Արմեն Հակոբյանը և եղբորորդին՝ նույն անվամբ՝ Արմեն Հակոբյանը:
Բժշկի տեղեկացմամբ՝ գազալցակայանի աշխատակիցն այրվածքներ է ստացել հիմնականում դեմքի հատվածում, իսկ մյուս երկու հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է, և բժիշկները պայքարում են նրանց կյանքը փրկելու համար:
Հակոբ Հակոբյանի որդին՝ Արմեն Հակոբյանը ստացել է 45 տոկոս այրվածք՝ ներառյալ շնչուղիները, Արմեն Րաֆֆիկի Հակոբյանը՝ 85 տոկոս՝ կրկին շնչուղիների այրվածքով, իսկ Արթուր Գասպարյանի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության. վերջինս ստացել է դեմքի այրվածք՝ 11 տոկոս: