Պաշտոնական Բաքուն, շարունակելով միջազգային հարթակները Հայաստանի դեմ օգտագործելու իր քաղաքականությունը, այս անգամ Իսլամական համագորակցություն կազմակերպության (ԻՀԿ) շրջանակներում կարողացել է ընդունել տալ հակահայկական բանաձև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Քուվեյթում ԻՀԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հերթական նիստի ժամանակ ընդունվել է բանաձև «Հայաստանի Հանրապետության ագրեսիան Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ» վերնագրով:

 

Բանաձևում մասնավորապես խոսք է գնում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» վերաբերյալ: Արցախի ազատագրումը որակվում է որպես «մարդկության դեմ հանցագործություն»: ԻՀԿ-ում ընդունված փաստաթղթում նշվում է անգամ, որ Ադրբեջանն իրավունք ունի Հայաստանից պահանջել փոխհատուցում:

 

Իսլամական համագործակցություն կազմակերպության շրջանակներում նմանօրինակ բանաձևերի ընդունումն առաջին դեպքը չէ: Նախորդ տարիներին ևս ԻՀԿ անդամ Ադրբեջանի ու Թուրքիայի ակտիվ ջանքերով հնարավոր էր եղել ընդունել մի քանի փաստաթուղթ, որտեղ իրական ագրեսոր Ադրբեջանը ներկայացված էր որպես «զոհ»: