Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավորները «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի հետ հանդիպմանը ներկայացրել են իրենց մտահոգությունները՝ կապված էլեկտրաէներգիայի թանկացման հետ, հնչեցրել են բազմաթիվ հարցեր, որոնք մտահոգում են հանրությանը: Այս մասին Եվգենի Բիբինի հետ հսնդիպումից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «ՀԷՑ-ի կողմից էլեկտրաէներգիայի թանկացման հայտը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացնելուց հետո մենք առաջին անգամ էինք հանդիպում «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գլխավոր տնօրենի հետ: Պետք է ասեմ, որ տեղի ունեցավ արդյունավետ քննարկում: Մեր խմբակցության պատգամավորներն էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված իրենց մտահոգություններն են ներկայացրել, ինչպես նաև հնչեցրել են իրենց հուզող բազմաթիվ հարցեր, որոնք այսօր մտահոգում են նաև մեր հանրությանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Բաղդասարյանը:

 

 

Հարցին, թե քննարկան արդյունքում պարզ դարձել է, թե որքա՞ն է թանկանալու էլեկտրաէներգիան, Բաղդասարյանն ընդգծեց, որ այս պահին ՀԾԿՀ-ն շարունակում է ուսումնասիրել թանկացման հայտը, և հայտի վերաբերյալ դիրքորոշում կարտահայտի միայն ուսումնասիրության ավարտից հետո: «Ես չեմ կարող ասել՝ կթանկանա, թե՝ ոչ, կամ ինչքան կթանկանա: Դա կորոշի հանձնաժողովը, երբ կավարտի հայտի ուսումնասիրությունը»,- հավելեց Բաղդասարյանը:

 

 

ՀՀԿ խմբակցության ղեկավարը վստահեցրեց, որ Եվգենի Բիբինին պատգամավորներն ասել են այն, ինչ պետք է՝ հույս հայտնելով, որ այս քննարկումից եզրահանգումներ կանի նաև ՀԷՑ-ի ղեկավարությունը:

 

 

Հարցին, թե քննարկումից հետո ի՞նչ դիրքորոշման է հանգել ՀՀԿ-ն, Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց, որ իրենց դիրքորոշումը կարտահայտեն խմբակցության նիստից հետո, որը հրավիրվելու է երկուշաբթի: «Այսօր արդեն ուշ ժամ է, դրա համար խմբակցության անդամներին չպահեցինք: Երկուշաբթի խմբակցության նիստ կհրավիրենք, որից հետո մեր դիրքորոշումը կարտահայտենք»,- հայտնեց Բաղդասարյանը:

 

 

Ազգային ժողովում ավարտվել է ՀՀԿ խմբակցության պատգամավորների և ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի հանդիպումը: Հանդիպումից հետո լրագրողները փորձեցին մի քանի հարց ուղղել Եվգենի Բիբինին, սակայն նա բոլոր հարցերը թողեց անպատասխան և հեռացավ: