Հանցավոր աշխարհի պարագլուխ Ասլան Ուսոյանի սպանությունից հետո Ռուսաստանում հանցավոր խմբավորումների միջև պատերազմի հասունացման մտավախություններ են առաջանում: Այս մասին գրում է The Guardian-ը: «Մրցակից կլանները ձգտում են տիրել այդ մարդու վիթխարի կայսրությանը, այդ թվում՝ Սոչիում անշարժ գույքի էլիտար օբյեկտներին»,- գրում է Սոչի այցելած լրագրող Միրիամ Էլդերը:
Անվտանգության մարմինների աղբյուրների խոսքով՝ Սոչիի հանդեպ հանցագործների հետաքրքրությունը երկրաչափական պրոգրեսիայով աճում է այն պահից, երբ քաղաքը նվաճեց 2014-ի Ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման իրավունքը: Ռուսաստանը պատրաստվում է Օլիմպիադայի վրա ծախսել ավելի քան 32.3 միլիարդ ֆունտ: Պուտինը երկուշաբթի հայտարարել է, որ 2013-ին մտադիր է Սոչիում անցկացնել «Մեծ ութնյակի» գագաթնաժողովը:
Պարբերականի փոխանցմամբ՝ Ուսոյանն այնտեղ կարծես նահանգապետ լիներ, սակայն՝ քրեական աշխարհից: Դա կարծես երկրորդ կառավարություն էր: Նման տեղեկություն է հայտնել Սոչիի հատուկ ծառայություններին մոտ գտնվող աղբյուրը: Նրա խոսքով՝ Ուսոյանը «նայել» է առափնյա գոտին, բազմաթիվ հյուրանոցներ ու ռեստորաններ:
«Միացյալ Ռուսաստան» կուսակցության տեղի պատգամավոր Վիկտոր Տեպլյակովի խոսքով՝ երկար տարիներ այնտեղ եղել է մեկ «նայող», սակայն նրա սպանությունից հետո այլ հանցագործներ Սոչի չեն եկել: Նրա խոսքով՝ քաղաքը միանգամայն անվտանգ է:
Լրագրողը վերադարձել է անանուն աղբյուրի խոսքերին՝ բոլորը սպասում են, թե ինչ է լինելու հետագայում:
Վերջերս Բաքվում ձերբակալել են Ռովշան Ջանիևին: Վարկած կա, որ հենց նա է պատվիրել Ուսոյանի սպանությունը: «Հնարավոր է՝ Ջանիևի ձերբակալությունը նշան է, որ հատուկ ծառայությունները, որոնք սերտ կապեր են պահպանում բազմաթիվ հետխորհրդային պետությունների ուժային գերատեսչությունների հետ, ձգտում են կանխել խոշոր հակամարտությունը Ռուսաստանի հզոր քրեական աշխարհում»,-գրում է Էլդերը:
Ռուսական իշխանությունները ձգտում են տպավորություն ստեղծել, թե տեղի մաֆիան անցյալում է՝ նկատում է հեղինակը: Ռուսաստանում չկա որևէ ընկերություն, որը չի գտնվում մաֆիայի ձեռքում՝ ասել է ՆԳՆ նախկին աշխատակիցը, որը ցանկացել է չհրապարակել անունը: «Աղբյուրը ակնարկել է, որ բոլոր մակարդակներում մաֆիոզներն այժմ վայելում են Անվտանգության դաշնային ծառայության բարձր հովանավորությունը»,- ասվում է հոդվածում: