Արագածոտնի մարզի գյուղացիները փակել են Երևան-Վանաձոր մայրուղու Ալագյազ-Արթիկ հատվածը: Այս անգամ գյուղացիները բողոքում են կաթի գների իջեցման դեմ: Բանն այն է, որ կաթի մթերման գինը 170 դրամից իջեցվել է մինչև 100-110 դրամի:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Ալագյազի գյուղապետն ասաց, որ մարզի տարբեր գյուղերից են հավաքվել բնակիչները, ովքեր անասնապահությամբ են զբաղվում: Նշեց, որ մթերման նոր գինը ժողովրդին ձեռք չի տալիս, քանի որ կերը թանկ է, իսկ կաթի գինը՝ էժան, այդ կերպ անասնապահությունը չի արդարացնում:
Ազիզ Մհոյանը տեղեկացրեց, որ գյուղացիների հետ հանդիպմանը գյուղատնտեսության երկու փոխնախարար է գնացել և Արագածոտնի մարզպետը:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց նաև մարզպետ Սարգիս Սահակյանի հետ, ով տեղեկացրեց, որ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել. «Ամեն ինչ պարզաբանվել է և ավարտվել է»:
Մեր այն հարցին՝ այսինքն՝ ճանապարհը բացվա՞ծ է, իսկ խնդիրը վերացվա՞ծ, մարզպետն ասաց. «Մարդիկ կաթի մթերման հետ մտահոգություն ունեին, պարզաբանվել է, որ չկա մտահոգության առիթ»,- ասաց մարզպետը: