Բազմաթիվ արվեստագետներ և երաժիշտներ հունիսի 6-ին այցելել են Կոմիտասի անվան այգու պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու անվանի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հիշատակին:

 

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից, աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 112-ամյակի առիթով, Կոմիտասի անվան այգու պանթեոնում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանը ծաղկեպսակ է դրել մեծ երաժշտահանի շիրիմին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, աշխարհահռչակ կոմպոզիտորի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու է այցելել նաև Արամ Խաչատրյանի թոռնուհի Օլգա Կուզինան:

 

 

Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի մասնակիցները, ժյուրիի անդամները ևս այցելել են Կոմիտասի անվան պանթեոն, որտեղ ծաղիկներ են խոնարհել հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի շիրմին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից, հիշատակի խոսք են ասել Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի նախագահ, ՀՀ ժողովրդական արտիստ Էդուարդ Թադևոսյանը, Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը։ Նրանք խորհրդանշական են համարել, որ կոմպոզիտորի անվան մրցույթը մեկնարկում է հենց հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը։ Նրանք բարի երթ են մաղթել մրցույթին, նաև նշել են, որ մշակութային այդ իրադարձությունը ևս մեկ առիթ է հարգանքի տուրք մատուցելու կոմպոզիտորի հիշատակին, մեծարելու նրա ստեղծագործական ժառանգությունը։ Էդուարդ Թադևոսյանը և Դավիթ Ղազարյանը հույս են հայտնել, որ մրցույթի մասնակիցների ջանքերով հետագայում աշխարհում էլ ավելի հաճախ կհնչի խաչատրյանական երաժշտությունը։

 

 

Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթը մեկնարկում է հունիսի 6-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Մրցույթին մասնակցում է 17 երկրի 25 երիտասարդ ջութակահար։ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի արդյունքում և անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է: