Հայաստանում գինեգործությամբ են զբաղվել ավելի քան 6000 տարի առաջ։ Այսօր էլ շարունակում ենք մենք ` հայերս զբաղվել գինեգործությամբ և ընդլայնել արտադրության սահմանները, սակայն, ըստ գինեգործի, շուկայում բարձիթողի վիճակ է: Մեր քաղաքացիները չեն կարող վստահ լինել իրենց գնած գինին ինչքանով է համապատասխանում չափանիշներին: Այս շուկայի առկա թերությունների մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց գինեգործ Լիանա Հովսեփյանի հետ.

 

«Մեր երկրում արտադրության վերահսկումը շատ թույլ է իրականացվում, գրեթե չկա երաշխիք, որ հայ սպառողն օգտագործում է գինեգործութան չափանիշներով պատրաստված խմիչք: Շուկան այն աստիճան է բարձիթողի, որ չկա երաշխիք, որ մեզ չի մատուցվում էժան և անորակ սպիրտով, գունային ու համային քիմիական հավելումներով պատրաստված գինի,- ասում է մեր զրուցակիցը:

 

Նկատում է նաև, որ լավ արդյունք ստանալու համար նախ և առաջ լավ բերք է հարկավոր: Արտասահմանյան շուկա մուտք գործելու համար շատ կարևոր է նախ աշխատել մեծ խմբաքանակներով, իսկ դրա համար անհրաժեշտ է բարձրացնել Արենու, Ղարաբաղի եւ Արտաշատի խաղողի այգիների բերքատվության մակարդակը:

 

«Ինքս էլ զբաղվում եմ գինու արտադրությամբ, վերջերս նաև շնորհանդես կազմակերպեցի, բայց իրականում երիտասարդ աղջկա համար դժվար է մուտք գործել շուկա, որտեղ արդեն կայացած գործարարներն են հիմնական տեղը զբաղեցնում»,- ասաց Լիանա Հովսեփյանը: