Պետք է կարողանալ ոչ միայն արժանապատիվ աշխատել, այլև արժանապատիվ հեռանալ: Այս մասին հունիսի 9-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի հունիսի 6-ին ասուլիսին և հրապարակած տեսանյութին:

 

«Պետք է կարողանալ ընդունել սեփական թերությունները և խնդիրները: Ես այդ տեսանյութ կոչվածը տեսել եմ ամիսներ առաջ: Ճիշտն ասած' այդ գործն ինձ քիչ է հետաքրքրում, որովհետև պետք է հետաքրքրի պատկան մարմիններին: Այդ տեսանյութը հարցեր առաջացրեց. եթե դա ինչ-որ բանի ապացույց է, ապա ինչո՞ւ մոտ մեկ տարի տևող գործի ընթացքում այդ տեսանյութը չի բերել կոնկրետ արդյունքի: Եթե դա ապացույց է, ապա ի՞նչ իրավունքով է որևէ կողմ հրապարակել չփակված քրեական գործի նյութերը: Ամենակարևոր խնդիրը՝ որտեղից այդ կադրերը»,- «Արմենպրես» -ի փոխանցմամբ՝ նշեց Արմեն Աշոտյանը:

 

Թոքմաջյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ տեսանյութի համար հիմք են ծառայել վճարովի կայանատեղիների տեսախցիկների նյութերը:

 

«Ինձ՝ որպես երևանցի, հետաքրքրում է՝ իմ անձնական կյանքն ի՞նչ իրավական հիմքով է այդ կազմակերպությունը տրամադրել ինչ-որ մեկին: Եթե մարդը հրավիրում է ասուլիս, որպեսզի հաշվետու լինի իր մեկ տարվա կատարած աշխատանքների համար, և այդ ասուլիսի 90 տոկոսը նվիրում է անձնական արկածներին, բուհի համար վատ է, ապացուցում է, որ բուհում մի բան այն չէ»,- նշեց Արմեն Աշոտյանը:

 

Նախարարի խոսքով՝ իրեն «սեքս, կեքս» սկանդալը չի հետաքրքում: Նրա համոզմամբ՝ ամենակարևորը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրություններն են:

 

«Թույլ չեմ տա, որ Պոլիտեխնիկի որևէ ուսանողի գլխից մազ պակասի: Ես տեղեկություններ ունեմ ճնշումների մասին: Կոմեդիայի ավարտին մնացել է ընդամենը 11 օր»,- նշեց նախարարը:

 

Նախորդ տարի Թոքմաջյանի ֆեյսբուքյան էջում հայտնվել էր նրա և աշխատակիցներից մեկի միջև ինտիմ խոսակցությունը, որը, ռեկտորի պաշտոնակատարի խոսքով, տեղադրվել էր այլ անձանց կողմից: Միջադեպը կրքերի բորբոքման առիթ էր դարձել:

 

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը հունիսի 6-ին հրավիրված ասուլիսում հայտարարել էր, որ իր ֆեյսբուքյան էջը նախորդ տարի երեք անգամ կողմնակի միջամտության է ենթարկվել: Նա հրապարակել էր մի տեսանյութ, որը մեծ արձագանք էր առաջացրել: