Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղում Գեղայր Գ.-ն ամուսնության նպատակով համագյուղացուն փախցնելու ընթացքում բռնություն է գործադրել նրա մոր նկատմամբ: Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն' Գեղայր Գ.-ն նախնական համաձայնության գալով Ալիկ Ի.-ի եւ Արտյոմ Տ.-ի հետ, բռնություն է գործադրել Ա. Ա.-ի եւ նրա մոր նկատմամբ եւ Վաղաշեն գյուղից ամուսնության նպատակով բացահայտ առեւանգել Ա. Ա-ին: Տղաները Ա.Ա.-ի մորը գցել են գետին եւ այդ կերպ առեւանգել նրա աղջկան:

Վաղաշեն գյուղից NEWS.am-ին փոխանցեցին, որ վերջիններս նույն գյուղից են: Ավելին' ընտանիքները հիմա հաշտվելու փուլում են եւ չի բացառվում, որ երիտասարդներն առաջիկայում ամուսնանան:

Քրեական գործ է հարուցվել 131 հոդվածի 2 –րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է վնակավայրից չհեռանալու ստորագրությունը: Նիստը նշանակված էր այսօր' փետրվարի 5-ին, որը սակայն չի կայացել: Հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 19-ի: