Կառավարությունն առաջարկում է վերանայել և ինդեքսավորել ակցիզային հարկով հարկման ենթակա մի շարք ապրանքատեսակների մասով ակցիզային հարկի դրույքաչափը: Ազգային ժողովը քննարկում է «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Առաջին հերթին խոսքը վերաբերում է ծխախոտի և օղու արտադրության համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափին:

 

Հիմնական զեկուցողը՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանն ասաց, թե խնդիրը կայանում է նրանում, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակում խնդիր է դրված ներդաշնակեցնել բոլոր անդամ երկրների ակցիզային հարկի դրույքաչափը օղու և ծխախոտի մասով: «Պետք է նշեմ, որ ներկայումս մեր երկրում գործող դրույքաչափերը ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրության մասով շուրջ 4 անգամ ցածր են, քան ներկայումս Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս երկրներում կիրառվող դրույքաչափերը: Այս տեսանկյունից առաջարկվում է 10 տոկոսով ավելացնել ծխախոտի և օղու արտադրության դրույքաչափը: Խորհրդարանի ուշադրությունն եմ հրավիրում այն բանի վրա, որ ալկոհոլային խմիչքներից խոսքը միայն օղու մասին է: Նախագիծը չի վերաբերում կոնյակին և գինուն՝ հաշվի առնելով այս ոլորտների գերակայությունը երկրի տնտեսության զարգացման գործում»,- նշեց Միրումյանը: