«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:

- Պարոն Մանուչարյան, իր դեմ իրականացված մահափորձից հետո, անդրադառնալով առաջարկներին, թե պետք է դիմել Սահմանադրական դատարան՝ նախագահական նոր ընտրություններ նշանակելու պահանջով, ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը նշել էր, որ ընտրությունները չպետք է հետաձգվեն, չպետք է ջուր լցնել մեր թշնամիների ջրաղացին: Նոր ընտրություններ հրավիրելու նպատակը նա որակել էր «դավադրություն հայ ժողովրդի նկատմամբ»: Այսօր էլ հայտարարվեց, որ Պ. Հայրիկյանը չի դիմելու Սահմանադրական դատարան: Ստեղծված իրավիճակն, այդ համատեքստում Պարույր Հայրիկյանի «պատասխանն» իր դեմ իրականացված ահաբեկչությանն ինչպե՞ս եք գնահատում:

- Իշխանության նկատմամբ հասարակության շրջանում շատ մեծ դժգոհություն կա։ Երկրում ստեղծված իրավիճակի առաջին պատասխանատուն իշխանությունն է: Մարդիկ ցանկանում են, որ երկրում իշխանությունը փոխվի, ուստի երազանքներ, իղձեր են ունենում, երբ քաղաքական ուժերը մտնում են ընտրապայքարի մեջ: Սակայն հենց այսպիսի դեպք է լինում, երկրի անվտանգության պահանջը դառնում է առաջնային: Այսպիսի իրադարձությունները կենցաղային հարցերի հետ կապել պետք չէ: Առաջին միտքը, որը պարտավոր ենք ունենալ՝ սա արտաքին գործողություն է, քանի որ սա Հայաստանի հանդեպ արդեն որերորդ նմանատիպ դեպքն է, որը նույնիսկ ներքինների ձեռքով է արվում: Ես մի շարք դեպքեր վերլուծել էի՝ Համբարձում Գալստյանի սպանությունը, Հոկտեմբերի 27-ը: Ուրեմն որոշ դեպքերում ներքին ապուշներ գործում են՝ մտածելով, որ դա իրենք են, բայց իրենք որպես մարիոնետ են հանդես գալիս որոշակի արտաքին խաղի պայմաններում: Միշտ պետք է նկատի ունենալ, որ անգամ եթե թվում է կենցաղային պատճառ է սպանության կամ մահափորձի հիմքում, արտաքին լուրջ գործոն կարող է լինել: Ուստի մենք պարտավոր ենք հաշվի առնել, որ կարող է այս ամենի ետևում երկրի համար լուրջ քայքայիչ գործընթաց է ընթանում: Ուստի դուք պետք է առաջին հերթին չեզոքացնեք այդ հնարավոր գործընթացը. կարևոր չէ՝ այս դեպքում ինչպես ես վերաբերվում սրան թե նրան, դու առաջին հերթին պետք է այդ քայքայիչ գործողությունը կանգնեցնես: Այս իմաստով Պարույր Հայրիկյանի որոշումը միակ ճիշտն էր: Ինչ է եղել, թե ով ինչպես է խոսել, ում հետ, ինչպես են այդ եզրակացությանը հանգել, այլ հարց է, բայց այս քայլով քայքայիչ հնարավոր գործողությունները դուք չեզոքացնում եք: Սա առաջնային պահանջ էր:

- Եթե Պարույր Հայրիկյանի որոշումը ճիշտ էր, և իր այդ քայլով նա չեզոքացրեց քայքայիչ հնարավոր գործողությունները, կարո՞ղ ենք ենթադրել, որ նրա դեմ մահափորձի նպատակը կիսատ մնաց: Այդ դեպքում ի՞նչ կարող է հետևել սրան:

- Կիսատություն է այն իմաստով, որ եթե կար ցանկություն ինչ-որ կերպ հետաձգել ՀՀ նախագահական ընտրությունները կամ ինչ-որ կերպ օգտագործել այն իրավիճակը, որ կառաջանար ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու դեպքում, որովհետև ես համարյա համոզված եմ, որ եթե անգամ դիմեին ՍԴ, որոշումը լինելու էր չհետաձգել, որովհետև երբ երկրի կայունությունը դա պահանջում է, եթե ՍԴ-ն այլ կերպ գործեր, ես կմտածեի, որ ինչ-որ բան այն չէ «հայոց թագավորությունում»: Բայց դա երկրի համար էլի խնդիրներ կստեղծեր:

Ասել, որ ամեն ինչ ավարտված է, չենք կարող, քանի որ նա, ով որ սկսել է այս ամենն, ինչ-որ մտքեր ունի այդ ուղղությամբ, ինչ-որ ցանկություններ, խնդիրներ։ Դա կարող է և շարունակական լինել, ինչ-ինչ բաներ կարող են առաջանալ: Այս ամենը հասկանալու համար պետք է հասկանանք, թե հիմա ինչ է կատարվում Հայաստանի շուրջ և տարածաշրջանում: Ի՞նչ մենք ունենք: Մենք ունենք մի իրավիճակ, որ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար շատ կարծր պայքար է ընթանում, և հիմնական պայքարող կողմերն են ԱՄՆ-ը, ՌԴ-ն և եվրոպացիները: ՌԴ-ն, զգալով, որ Վրաստանը գնացել է, իսկ Հայաստանը գնալու ճանապարհին է, շատ կարծր կեցվածք էր դրսևորել Վրաստանի նկատմամբ այդ երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից առաջ: Եթե Վրաստանում խորհրդարանական ընտրություններն այլ սցենարով ընթանային, ՌԴ-ն զորք էր մտցնելու Վրաստան: Խորհրդարանական ընտրություններում, ըստ գործող տրամաբանության, Սաակաշվիլիի գլխավորությամբ իշխանությունը պետք է հաղթեր, Սաակաշվիլին պետք է հայտարարեր իր հաղթանակի մասին, իսկ Իվանիշվիլին պետք է ժողովրդին հաներ ըմբոստության՝ ընդդեմ իշխանության։ Իշխանությունն, ըստ տարածաշրջանային ավանդույթների, պետք է ճնշեր, բանտարկեր, ծեծեր, միգուցե և՝ կրակեր, ժողովուրդը պայթելու էր վրդովմունքից, իսկ ժողովրդին բռնակալից փրկելու էր գալու ռուսական բանակը: Այս ամենը տեղի չունեցավ զուտ մեկ պատճառով, քանի որ հաղթեց Իվանիշվիլին, բայց նա հաղթեց, որովհետև մի ամերիկյան ուժեղ ձեռք Սաակաշվիլու գլուխը մտցրեց, թե որքան վտանգավոր է նրա այդպիսի կարծեցյալ հաղթանակը: Դրանով ԱՄՆ-ը պահպանեց Վրաստանը: Իվանիշվիլու գործողությունները հիմա ուղղված են նրան, որպեսզի ապացուցի ռուսներին, որ այդ ամենը սարքված չէր, ԱՄՆ-ը չէր արել, այլ արել էր ինքը՝ Իվանիշվիլին, և որ իրենք հետապնդում են ԱՄՆ դրածո Սաակաշվիլուն և նրա մերձավորներին, որ պատրաստ են բացել աբխազական երկաթուղին, չնայած Սաակաշվիլին դեմ է: Սրանով փորձ է արվում ձեռք բերել ՌԴ վստահությունն առ այն, որ ՌԴ-ն այլևս Վրաստանի նկատմամբ կարծր քայլերի չդիմի, որովհետև ՌԴ-ն արդեն եզրին է հասել: Նույն բանը կատարվում է նաև Հայաստանում:

- Այդ դեպքում Հայաստանի Հանրապետության իշխանություննե՞րն ինչպես պետք է կարգավորեն Հայաստանում ստեղծված իրավիճակը:

- Չէի ցանկանա շատ խորանալ այդ գնահատականների մեջ, ես նմանությունը ցույց տվեցի ձեզ: Մենք պարտադիր պետք է քննենք՝ ինչ է կատարվել Հայրիկյանի հետ: Ես երկու ուղի ցույց տվեցի՝ արտաքին աշխարհը խոսում է, պետք է խոսել նրանց հետ: Մեկ բան կասեն Պարույր Հայրիկյանին, մեկ բան կասեն Րաֆֆի Հովհանիսյանին, մեկ բան՝ Սերժ Սարգսյանին, բայց պետք է վստահության մեկ կետ, որին կկարողանանք վստահելով ասել այդ բաները: Ես չգիտեմ՝ այդ վստահության կետը որն է: Ասել «եկեք բոլորս վստահենք Սերժ Սարգսյանին»… վաղը եթե Րաֆֆի Հովհաննիսյանի ականջին մեկը մի բան ասի, կամ իմ ականջին ասի՝ գնանք նրան ասենք, չի ստացվի, չկա այդ վստահությունը: Հետևաբար պետք է այդ վստահության օղակը գտնել: Ես տարբեր հարցազրույցներում հիշել եմ Համբարձում Գալստյանի սպանությունը: Սպանությունից հետո ինձ իքս երկրի ներկայացուցիչը հանդիպեց և ասաց, որ դա արել է իգրեկ երկիրը, իսկ երեք օրից հանդիպեցի իգրեկ երկրի ներկայացուցչին, վերջինս էլ ասաց, որ իքս երկիրն է արել: Հոկտեմբերի 27-ին ևս նման բան է եղել: Այս ամենը պետք է լրացվի քաղաքական վերլուծությամբ և քաղաքական գործառույթներով:

Անհեթեթություններ են հնչում, թե քանի որ ՌԴ-ն չէր սիրում Հայրիկյանին, Հայրիկյանն էլ ՌԴ-ին չի սիրում, ՌԴ-ն արած կլինի: Սա բացարձակ անհեթեթություն է: Ամենատարրական վերլուծությունը ցույց կտա, որ ՌԴ-ն ամեն ինչ անում է, որպեսզի Սերժ Սարգսյանը հարթ կերպով դառնա երկրի նախագահ, որովհետև Սերժ Սարգսյանի հետ նրանք հասել են ինչ-ինչ կարևորագույն պայմանավորվածությունների, և նրանք շահագրգռված են, որ նա դառնա նախագահ և իրականացնի այդ պայմանավորվածությունները: Իսկ այդ պայմանավորվածություններից բոլորը չեն, որ մեզ համար անընդունելի են, և Սերժ Սարգսյանը տրվել է ռուսական պահանջներին: Շատ-շատ պայմանավորվածություններ կարևոր են՝ երկրի անվտանգության և հեռանկարների հետ կապված: Պետք է հասկանանք, որ շատ պատասխանատու պետք է այստեղ գործենք, որ հանկարծ թացն ու չորը չխառնենք: Մենք ընդվզում ենք դրա դեմ, ինչքանո՞վ ենք այդ ընդվզումով հարվածում մեր երկրին և մեր երկրի նպատակներին, մեր երկրի անվտանգությանը՝ այստեղ խնդիրներ կան: Հետևաբար այստեղ պետք է գործել շատ նուրբ: Վերլուծությունները պետք է կատարվեն, և ես շատ-շատերի հետ պատրաստ եմ կիսվել, զրուցել, բայց ոչ' հրապարակային, այդ պատճառով հրաժարվում եմ մեկնաբանել, թե ով է դա կազմակերպել: Ես հստակ տեսնում եմ՝ ով և ինչպես: Անալիտիկները պետք է աշխատեն հնարավոր անալիտիկ միտքն աշխատեցնելու համար։ Եվ երկրորդը վստահության օղակն է:

Պրակտիկ քաղաքականության արդյունքում մեր ստացածը մի տեղ պետք է կարողանանք համադրել:

Վստահության շրջանակ պետք է ստեղծենք, որը և քաղաքական շրջանակներում թույլ տա մեզ համադրել կարծիքներ անալիտիկ բնագավառում: Սրանք անհրաժեշտ են, որպեսզի կարողանանք գրագետ արձագանքել առաջացած կնճիռներին:

- Դաշտում շատ տարբեր վերլուծություններ կան: Այս պահին պե՞տք է քննարկել, որ, այնուամենայնիվ, դավադրությունը վերջնանպատակին հասցնելու համար դավադրության թիրախում կհայտնվեն նաև ՀՀ նախագահի այլ թեկնածուներ:

- Ես պարզապես զարմացած եմ, երբ գնահատում են, թե այսինչ մարդն օգտագործվում է այդ նպատակի համար: Ես հիմա տեսնում եմ՝ ով ինչ է անում, բայց ցեխ լցնենք նրա գլխին, մի երկու հատ էլ հարվածենք, որ միգուցե դրանով փոխե՞նք, բայց միգուցե այդ մարդն առևտրական և վախկոտ չէ: Այդ դեպքում հակառակ ազդեցություն ենք ստանում, դրդում ենք այդ մարդուն առավել կարծր դիրքորոշումների, մինչդեռ օրեր առաջ ես տեսա հրապուրիչ մի քայլ երկրի պարագլուխներից մեկի՝ Գալուստ Սահակյանի կողմից: Մեկ էլ նա կատարում է անսովոր քայլ: Այ այդ գիծն էր պետք շարունակել և չմտնել սովորական՝ իրար հարվածելու գործընթացի մեջ: Պետք է կանգնեցվեն այն պարոնները, որոնք ուզում են լափել։ Պարույր Հայրիկյանի ուղղությամբ կրակոցը պետք է դիտարկել այդ գործողության սկիզբ: Լափի հետ կապված ցանկացած ապուշություն օգտագործվելու է՝ շատ բան ոչնչացնելու համար: Միգուցե նախախնամությունն այնքան արդարացի գտնվի, որ առաջին ոչնչացվողները հենց նրանք լինեն:

- Պարոն Մանուչարյան, այն ամենը, ինչ Դուք անվանում եք «քայքայիչ գործողություն», կհասնի՞ իր նպատակին:

- Ես կարծում եմ, որ' ոչ, որովհետև հայի վերջին խելքը միացված է: Ես կարծում եմ, որ մենք կկարողանանք սա հաղթահարել, պարզապես մարդիկ պետք է հասկանան, որտեղ են հայտնվել: Պետք է կանգնեցնել շուրջ քսան տարի բացված լափի խրախճանքը, իշխող համակարգի և մեծ ունևորների շրջանում առաջացած շիզոֆրենիան: Եթե ոչ, ապա նախախնամությունը նրանց կկանգնեցնի ամենադաժան կերպով: