Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում օտարերկրյա լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում պատմել է նախկին կնոջ՝ Լյուդմիլայի և դուստրերի՝ Մարիայի ու Եկատերինայի հետ իր հարաբերությունների մասին: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»' հղում անելով IANS գործակալությանը:
Պուտինը հայտարարել է, որ երբեմն չի քնում մինչև գիշերվա ժամը 02.00-ը և մանրուքների շուրջ զրուցում է ընտանիքի հետ:
Պատասխանելով անձնական կյանքի մասին հարցին՝ Պուտինը հայտարարել է. «Ես ունեմ ապագայի պլաններ, սակայն ինձ մոտ ամեն ինչ կարգին է»:
Նախորդ տարվա ապրիլին Ռուսաստանի նախագահը խուսափել էր իր անձնական կյանքի մասին հարցին ուղիղ պատասխանելուց: Այն ժամանակ նրան հարցրել էին, թե նա երբ կներկայացնի երկրի առաջին տիկնոջը:
Ի պատասխան՝ Պուտինը հայտարարել էր. «Նախ ես պետք է ամուսնացնեմ իմ նախկին կնոջը՝ Լյուդմիլային, և հետո նոր մտածեմ իմ մասին»:
Վլադիմիր Պուտինն ու Լյուդմիլան ամուսնալուծվելու իրենց մտադրության մասին հայտարարել են 2013 թվականի հունիսի 6-ին: Նրանք համատեղ ամուսնական կյանք են վարել 30 տարի: