Այսօր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանի դահլիճն արցունքաշատ էր: Կայացավ «Մենք մեր զինվորի կողքին ենք» խորագրով բարեգործական երկրորդ ծրագիրը՝ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի նախաձեռնությամբ:

 

Դահլիճում էին ծառայության ընթացքում զոհված զինվորների ծնողները, ովքեր եկել էին՝ օգտվելու կազմակերպված նախաձեռնությունից: Միջոցառման ընթացքում ֆիլմ ցուցադրվեց, որտեղ լուսանկարներով պատկերված էին թշնամու գնդակից զոհված մեր զինվորները: Տեսարանն իսկապես ծանր էր, մի պահ դահլիճը լցվեց հեկեկոցներով:


ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը՝ դիմելով դահլիճում ներկա ծնողներին, ասաց. «Նրանք ձեզ արժանի զավակներ են, միայն քաջ ծնողները քաջ զավակներ կծնեն, ովքեր իրենց կյանքը կտան վեհագույնին՝ Աստծուն և հայրենիքին: Դուք արժանի եք մեծարանքի, դուք առավելագույնն ենք արել հայրենիքի համար: Իրենց կյանքը, որ զոհաբերեցին հայրենիքի համար, մեզ կյանք է տալիս՝ բոլորիս: Խաղաղություն բոլորիդ, ձեր զավակները երկնքի արքայության մեջ քաղցրությամբ ու սիրով են ընդունված լուսավոր անդաստաններում: Եվս մեկ անգամ խոնարհվում եմ իրենց անմար հիշատակին»: 

 

Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի խոսքով՝ այս ծրագիրը փորձելու են շարունակական դարձնել, և Աստծո կամոք հոգևոր կապն ու հաղորդակցությունը մշտական կլինի բանակի և եկեղեցու միջև:

 

Նշենք, որ օգնությունը տրամադրվել է ՀՀ պաշտպանության նախարարության սոցիալական վարչության տրամադրած ցուցակով:

 

Այս տարի հանգանակված 50 միլիոն դրամ կբաշխվի 2014 թվականի ծրագրում չընդգրկված, ինչպես նաև 2015թ. հունիսի 1-ի դրությամբ հակառակորդի հետ շփման գծում զոհված ժամկետային զինծառայողների ընտանիքներին, 2015թ. հունիսի 1-ի դրությամբ հաշվառված 1-ին խմբի զինհաշմանդամներին և 2010-2015թթ. հունվարի 31-ի դրությամբ հաշվառված 2-րդ և 3-րդ խմբի զինհաշմանդամներին: Ընդհանուր թիվը կկազմի 361 ընտանիք:

 

Նախաձեռնությանն աջակցել են Երևանի քաղաքապետարանը, Պաշտպանության նախարարությունը, Արարատի մարզպետարանը և բարերարներ, ովքեր անտարբեր չեն իրենց կարիքն ունեցողների նկատմամբ:

 

Նշենք նաև, որ ծրագրում ընդգրկված են միայն Արարատյան Հայրապետական թեմի Երևանի և Արարատի մարզի զինվորականների ընտանիքները: