Թբիլիսիի կենդանաբանական այգու տարածքում հայտնաբերել են այն բորենուն, որին փնտրում էին քաղաքի ծայրամասում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել են հիմնարկության ղեկավարության ներկայացուցիչները:

 

Մաքրման աշխատանքների ընթացքում մեծավանդակներից մեկին հարող տարածքում փրկարարները գտել են սատկած շերտավոր բորենուն: Ավելի վաղ կենդանաբանական այգու տնօրինությունը չէր բացառում, որ կենդանին կարող է գտնվել հիմնարկության սահմաններից դուրս և «վտանգ չի ներկայացնում մարդկանց կյանքի համար»: Հեղեղման հետևանքով սատկել է կենդանաբանական այգու բնակիչների ընդհանուր թվի շուրջ կեսը:

 

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, անցյալ շաբաթ Թբիլիսիի կենդանաբանական այգի են այցելել Երևանի, Մոսկվայի, Պրահայի կենդանաբանական այգիների ներկայացուցիչները, փորձագետներ Իսրայելից: Նրանք, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Վրաստանի մայրաքաղաքի գործընկերներին օգնություն ցույց տալու հնարավորությունը: