ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը չի կարող ասել, ընտրություններից հետո կմնա վարչապետ, թե ոչ։ «Առաջարկում եմ լցվել համբերությամբ, սպասել ընտրությունների արդյունքներին։ Կարծում եմ, 5 տարի դիմացել եք, մի քանիս ամիս էլ կդիմանաք»,– այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց նա և նշեց, որ այսօր ըստ իրեն, դա ՀՀ քաղաքական դաշտի կարևորագույն հարցը չէ»,- ասաց նա։
Վարչապետի խոսքով՝ կառավարության խնդիրն է հավասար պայմաններ ստեղծել, որ նախագահի թեկնածուները կարողանան ներկայացնել հանրությանն իրենց ծրագիրը։
Թե արդյոք նախագահական ընտրություններից հետո ՀՀԿ-ն ԲՀԿ–ին կամ ՀՅԴ–ին կոալիցիա կհրավիրի հարցին, Տիգրան Սարգսյանը պատասխանեց, որ ՀՀԿ–ն մշտապես հանդես է եկել այն տեսակետով, որ ինքը ձգտում է այնպիսի միջավայր, որ համագործակցության համար լինի հարմար հիմք և կողմնակից է համագործակցել բոլոր կարող ուժերի հետ, երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու համար։
«Հենց այդ հիմքով էլ ձևավորվել էր կոալիցիա, մեր գործընկերները կայացրեցին որոշում, սակայն մի մասը կոալիցիայից դուրս եկավ։ Եթե մեր գործընկերները կկայացնեն որոշում, որ ցանկանում են վերադառնալ կոալիցիա, բնականաբար, հարցը կքննարկվի, բայց այդպիսի որոշում դեռևս չկան»,–ասաց նա։
Հարցին, թե ճի՞շտ են արդյոք այն հրապարակումները, որ վարչապետը և ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այլևս փայլուն հարաբերությունների մեջ են։ «Ես կուզեի ասել, որ մեր հարաբերությունները միշտ էլ եղել են փայլուն»,– պատասխանեց նա։
Հարցին, թե քանի որ ՀՀԿ–ն համոզված է իր հաղթանակում, արդյո՞ք քննարկումներ կան ապագա կառավարության հնարավոր կազմի վերաբերյալ, և արդյո՞ք նրան առաջարկ եղել է ղեկավարել Կառավարությունը։ «Ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ նման քննարկումներ տեղի չեն ունեցել»,–ասաց նա։