«Հեյդար Ալիև հիմնադրամից» հերքել են նախօրեին տարածված լուրերն այն մասին, որ Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևի դուստրը՝ Լեյլա Ալիևան, ով նաև այդ հիմնադրամի փոխտնօրենն է, իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության կողմից առաջադրվելու է որպես պատգամավորի թեկնածու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը:

 

Հիմնադրամից տարածած հաղորդագրության մեջ նշվել է, որ թեպետ Ալիևան շատ ակտիվ հասարակական-քաղաքական կյանքով է ապրում, սակայն տեղեկատվությունն այն մասին, որ նա պատրաստվում է առաջադրվել խորհրդարանական ընտրություններում, անհիմն է:

 

Ավելի վաղ ադրբեջանական modern.az-ը գրել էր, որ իշխող կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Սիյավուշ Նովրուզովը հայտնել է, թե Ալիևի դստեր թեկնածությունը 2015 թվականի նոյեմբերին կայանալիք ընտրություններում կառաջադրի իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցությունը: Նա տեղեկացրել էր, թե Լեյլա Ալիևայի թեկնածության առաջադրման հարցում կուսակցության անդամները միակարծիք են: