Լրագրող Մերի Բոլանդը իռլանդական «The Irish Times» պարբերականում մի հոդված է հրապարակել է Լեռնային Ղարաբաղի մասին:
Նրա գրում է. «Թռչնի նմանվող արցախյան օդանավակայանի կապտա-ճերմակ շինությունը Կովկասի լեռներում վեր է խոյանում ինչպես ազգային հպարտության խորհրդանիշ: Մեկնումների էկրանին նշված է դեպի Երևան չվերթը: Օդանավակայանի անձնակազմի անդամները 120-ն են: Օդանավակայանի ղեկավարները, որի վերակառուցման համար 20 մլն դոլար է ծախսվել, նշում են, որ իրենց մոտ արբանյակային տեղորոշման բարդ տեխնոլոգիա է կիրառվում:
Այնուամենայնիվ, ո՛չ ուղևոր, ո՛չ ինքնաթիռ այստեղ չկա: Դեպի Երևան ուղղությունը միայն ցանկություն է: Այնտեղ կարելի է հասնել լեռների միջով 6-ժամյա ճանապարհով: Պատճառն այն է, որ ցանկացած չվերթ ադրբեջանական զորքերի կրակի տակ կհայտնվի:
Պատերազմի ժամանակ ավերված օդանավակայանը վերաբացվել է 4 տարի առաջ: «2011 թվականին ցանկանում էինք սկսել չվերթներ իրականացնել, սակայն մեր հարևանները միջամտեցին՝ ասելով, որ կկործանեն ինքնաթիռները»,- ասում է փոքրիկ հանրապետության Քաղավիացիայի ղեկավար Դմիտրի Ադբաշյանը:
Սպառնալիքները չափազանցված չեն: Անցյալ տարի երեք զինծառայողներ զոհվեցին այն բանից հետո, երբ ադրբեջանական զորքերը հարվածեցին նրանց ուղղաթիռին: Երկու կողմից էլ սահմանային բախումների ժամանակ զինծառայողներ են զոհվում 1994 թվականին Մոսկվայի միջնորդությամբ կնքված հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում:
ՄԱԿ-ի անդամ ոչ մի պետություն չի ճանաչում 147.000 բնակիչ ունեցող այս անկլավը` չնայած այն ունի ազգային դրոշ, կառավարություն, պետական հաստատություններ, բանակ և ոստիկանություն: Միջազգային իրավունքի տեսանկյունից այս երկիրը գոյություն չունի:
Այս իրականությունը մշտապես գոյություն ունի Ստեփանակերտից մի քանի կիլոմետր այն կողմ, որտեղ նախագահ Բակո Սահակյանը միջազգային թատերաբեմում միայնակ ընդունում է մարտահրավերները: «Մեր հիմնական նպատակը քաղաքակիրթ միջազգային հանրությանն ինտեգրվելն է»,- նշում է Սահակյանը` 50-ն անց կարմրայտ այդ տղամարդը:
Նախագահը նստած է նստավայրի՝ դեպի լայն պողոտաներով, սրճարաններով և նորաձև խանութներով վերակառուցված մայրաքաղաքի Վերածննդի հրապարակ բացվող տեսարանով դահլիճում: Սահմանագծից հարմարավետ հեռավորությամբ գտնվող այս վայրում դժվար է պատկերացնել, որ այնտեղ քողարկված պատերազմ է: «Իհարկե, մենք կարծում ենք, որ պետք է լուծենք մեր հարևանի հետ գոյություն ունեցող խնդիրը: Մենք ցանկանում ենք քննարկել, բանակցություններ անցկացնել: Ցավոք, մյուս կողմը մերժում է մեր առաջարկները»,- ասում է նա:
Բազմադարյա պայքարի հարցը, որն ընկած է տարիների պատմություն ունեցող այս հակամարտության հիմքում, լուծված չէ: Հնարավոր է՝ պաշտոնապես գոյություն չունեցող այս երկիրը դեռևս որոշ ժամանակ անորոշության իրավիճակում կլինի: