«Ճեպընթաց» մշակութային հասարակական կազմակերպությունը մշակել է նոր ծրագիր, որը կոչվում է «Չարտասանված Նոբելյան ճառեր»: Ինչպես տեղեկացնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ծրագիրն առաջիկայում չորս մասից բաղկացած ֆիլմաշարով կներկայացնի արևմտահայ չորս նահատակ մտավորականների՝ Գրիգոր Զոհրապի, Դանիել Վարուժանի, Սիամանթոյի և Ռուբեն Սևակի ենթադրյալ Նոբելյան ճառերը՝ հեղինակների կենսագրական և ստեղծագործական փաստերի, նրանց ապրած ժամանակի, իղձերի ու հիասթափությունների ճշգրիտ վավերական հիմքերով:

 

«Չարտասանված Նոբելյան ճառեր» ֆիլմաշարը կներկայացվի տեսապատումով, իրական Նոբելյան ճառերի ընդունված կանոնների ձևաչափով: Յուրաքանչյուր Նոբելյան ճառ կավարտվի 1915 թվականին տվյալ հեղինակի եղերական նահատակության հանգամանքների պարզ ու հակիրճ արձանագրումով:

 

Մայիսի վերջին՝ Թուրքիայում նախընտրական ժամանակաշրջանում ծրագրի հեղինակները եղել են հայ գրողների ծննդավայրերում, որտեղ էլ իրականացրել են նկարահանումները: «Ճեպընթաց» ՀԿ-ի նախագահ Արթուր Բախտամյանը նշում է, որ «Չարտասանված Նոբելյան ճառեր»-ն անցյալի, ներկայի, ապագայի երևակայական սահմանահանգույցն է: Անցած դարի արևմտահայ չորս գրողներ' Սիամանթո, Դանիել Վարուժան, Ռուբեն Սևակ, Գրիգոր Զոհրապ, տարբեր իրենց գրականությամբ, աշխարհընկալմամբ և փորձառությամբ, անցան միևնույն ճանապարհը՝ Կ.Պոլսի «Հայդար» փաշա կայարանից դեպի մահ: Նրա նցից յուրաքանչյուրը ոչ միայն հայ, այլև համաշխարհային քաղաքակրթության մաս էր, լիարժեք կարող էր կանգնել Ստոկհոլմի բեմում: Սակայն այդ ճառերը մենք լսում ենք նրանց սպանությունից հարյուր տարի անց՝ շրջելով նրանց ապրած Պոլսի՝ այսօրվա Ստամբուլի փողոցներով:

 

Հայկականությամբ լեցուն այս քաղաքի յուրաքանչյուր հատված առ այսօր էլ լեցուն է պոետների մտորումներով։ Ըստ պարոն Բախտամյանի՝ նկարահանումների աշխարհագրությունը շատ լայն էր' հայտնի Սուրբ Փրկիչ հիվանդանոցից մինչև Իշխանաց կղզիներ, Սև ծովի եզերքին կառչած Սարիգյուղ ձկնորսական ավան, Կեդրոնական վարժարան, Հայ Կաթողիկե պատրիարքարան, Ղալաթիայի ոլորագլոր փողոցներով դեպի հնագրավաճառի խանութ, որտեղ գտնում ես Պոետների օսմաներեն առաջին հրատարակությունները, «Նավասարդի» միակ հայերեն օրինակը:

 

«Բազմալեզու և բազմաշերտ, պառլամենտական ընտրարշավով պարուրված մոլագար Ստամբուլում, որտեղ, ի դեպ, տասնյակ տարիների ընդմիջումից հետո երեք հայ պատգամավոր կա, լսվում է նրանց ճառը ոչ թե անցյալից, այլ որպես ներկայի ուղերձ, և միայն հայ զինագործի հերթական հրաձիգի փորձարկման կրակոցն է մեզ վերադարձնում հարյուր տարի անց այն օրը, երբ ընդհատվեց կյանքը, և աշխարհը չլսեց նրանց Նոբելյան ճառերը»,- ասում է պարոն Բախտամյանը:

 

Նշենք, որ «Չարտասանված Նոբելյան ճառեր» ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում՝ «Ցեղասպանություն և մշակույթ» անվանակարգում։

 

Ֆիլմերը կցուցադրվեն 2015թ. հեռուստաընկերությունների նոր եթերաշրջանի ժամանակ, դրանք կտրամադրվեն ՀՀ դեսպանատներին, սփյուռքի հայկական կառույցներին, սեպտեմբերից կկազմակերպվեն հանրային դիտումներ բուհերում, սեղմատարբերակները (թրելերները) կտեղադրվեն սոցցանցերում: