«Հայկական ուրբաթ» հաղորդման հյուրերն էին «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները, «Դեմ եմ» շարժման անդամն ու «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

 

Վերջիններս քննարկում էին հարցը, թե ինչու քաղաքացիական պայքարի մասնակիցները, ինչպես իրենք են ասում, չեն քաղաքականացնում իրենց պայքարը, ինչու չեն վստահում կուսակցություններին:

 

Քաղաքացիական շարժման անդամները մեղադրում էին կուսակցություններին քաղաքականապես իմպոտենտ լինելու մեջ: Վերջիններս հայտարարեցին, որ չեն վստահում կուսակցություններին, քանի որ նրանք որևէ աշխատանք մինչև վերջ տանել չեն կարողանում, ունեն շատ տարաձայնություններ և չունեն կուսակցության ներսում ազատ մտածելու հնարավորություն:


Ներկաների քննադատությունն ընդդիմադիր կուսակցությունների հանդեպ հիմնականում նման էր իշխանական քննադատությանը, նրանք պաշտպանում էին պաշտոնական տեսակետները: 

 

«Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Վաղինակ Շուշանյանը հարցին, թե ինչու իրենց հուզող հասարակական, սոցիալական խնդիրները լուծելու համար չի մտնում որևէ կուսակցություն, ասաց. «Քաղաքական ուժերը չեն կատարում իրենց գործառույթները, այդ պատճառով խնդիրների լուծմամբ զբաղվում ենք քաղաքացիական դաշտում:


Ես չեմ վստահում կուսակցություններին: Ամենավատն այն է, որ ինչքան էլ իշխանությունը վատն է, ընդդիմությունը երբեք միասնական գործողություն չի կատարել: 2008-ից այս կողմ ընդդիմությունն ինքն իրենից այլևս ոչինչ չի ներկայացնում: Միասնություն չկա, իսկ տարաձայնություն կա անգամ խմբակցությունների ներսում»:

 

«Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Արթուր Քոչարյանն էլ, անդրադառնալով նույն հարցին, ասաց. «Ես ինձ չեմ տեսնում կուսակցություններում, քանի որ կա կուսակցական գիծ, որին հակասող ոչինչ ասել չես կարող: Մեր նախաձեռնությունում մենք ազատ ենք, կարող ենք արտահայտել մտքեր, որոնց կարող են նախաձեռնության մյուս անդամները դեմ լինել: Կուսակցություններում գաղափարից դուրս գալ չես կարող: Կուսակցությունից կհեռացնեն, իսկ մեր նախաձեռնությունից չեն հեռացնի:

 

Մեր կուսակցությունները նման են իշխող կուսակցությանը: Միակ տարբերությունն այն է, որ իշխանական կուսակցությունը գոյատևում է, քանի որ կա փող, կա իշխանություն, իրենք ստիպված են համախմբված լինել, որ պահեն, իսկ ընդդիմադիր կուսակցությունների մոտ չկա այդ ռեսուրսը պահելու խնդիրը, ու եթե մի բան այնպես չի ստացվում, ուրեմն՝ նա է մեղավոր, չէ, նա է մեղավոր, և մասնատվում են»:

 

«Դեմ եմ» շարժման անդամ Մանե Թանդիլյանն էլ իր հերթին նշեց, որ որևէ կուսակցություն այս պահին չի արտացոլում իր պահանջները. «Մենք պետք է քաղաքականապես զարգանանք: Պետք է ընտրելու իրավունք ունենանք, այսինքն՝ ոչ թե ընտրենք չարյաց փոքրագույնը, այլ կարողանանք ընտրել այն, որը կցանկանայինք տեսնել»,- ասաց նա:

 

Քաղաքացիական ակտիվիստների մեղադրանքներին դիմակայելու՝ Պետրոս Ղազարյանը հրավիրեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին:

 

«Դուք լսեցիք, որ քաղաքացիական ակտիվիստներն ինչ մեղադրանքներ էին հնչեցնում կուսակցությունների նկատմամբ, ձեզնից շատերը կկիսեն այդ կարծիքը: Կուսակցական համակարգը մեղադրանքներից պետք է պաշտպանի «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Ընդունեք, որ մի հարց է, երբ իշխանությունն է քննադատում ընդդիմադիրներին, այլ հարց է, երբ քաղաքացիական հասարակության անդամներն ասում են, որ քաղաքական համակարգը իմպոտենտ է»,- ասաց Ղազարյանը և դիմելով Արմեն Մարտիրոսյանին՝ ավելացրեց. «Դուք քառակուսի կառույցներ եք, դուք մաշվել եք, դուք ստանդարտ եք, ձախողում եք, դուք սպառված համակարգ եք, որոնք չեն կարողանում ինչ-որ բան փոխել: Դուք դինոզավր եք»:


«Ձեր կոռումպացված քառակուսի մտածողությամբ»,- հակադարձեց Մարտիրոսյանը և ասաց.

 

«Իրականությունն այդպես չէ: Բաղրամյան պողոտայում կուսակցական ղեկավարներին և անդամներին շատերն են մոտեցել, հարցրել, թե ինչու չենք մոտենում հարթակին»:

 

Հակադարձմանը, որ նախաձեռնության անդամները թույլ չէին տա, Մարտիրոսյանն ասաց. «Եթե ցանկանայի՝ կբարձրանայի, չկասկածեք: Այստեղ բավական շատ հարցադրումներ եղան, որոնք տեսական չեն, ու մի փոքր փորձի դեպքում, նման հարցեր չէին լինի»:

 

Ակտիվիստները համարում էին, որ իրենց ակցիաները հաջողված են, իսկ Պետրոս Ղազարյանի այն խոսքին, որ «Ոչ թալանին» նախաձեռնությունը հասել է իր նպատակին, և տեղի է ունեցել կասեցում, ինչը հենց իշխանությունների պաշտոնական տեսակետն է, «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները չհակադարձեցին, մոռանալով, օրեր առաջ իրենց իսկ կողմից արված հայտարարությունները, որ փաստացի իրենց պահանջը չի կատարվել:


Արմեն Մարտիրոսյանի և քաղաքացիական ակտիվիստների բանավեճին ավելի մասնրամասն կարող եք ծանոթանալ տեսանյութում.