Թուրքիայի TRT հանրային հեռուստաալիքով հուլիսի 10-ին հեռարձակված' «Սեփական երկնային գագաթները» փաստագրական ֆիլմում Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի (1923-1938թթ.) և երկրորդ նախագահ Իսմեթ Ինոնյուի (1938-1950 թթ.) հասցեին վիրավորանքներով լի արտահայտություններ են հնչել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Ջումհուրիեթ» թերթը, ֆիլմում տեղ է գտել Աթաթուրքի և Ինոնյուի մասին Օսման Յուքսել Սերդենգեչթիի կողմից Սամսունում արտասանած ճառից հետևյալ հատվածը.
«Անողներն էլ են նրանք, ստեղծողներն էլ 10 տարում 15 մլն զոմբի երիտասարդություն ստեղծեցին: 27 տարի շարունակ խոսեցին որպես աստվածներ: Փարավոնների նման սուլթանություն կառավարեցին: Աշխարհիկության և հեղափոխականության վարագույրի տակ անողոքաբար ճնշեցին և զրոյի հավասարացրեցին աղքատ անատոլիական ժողովրդի հավատքը, խիղճը, իրավունքը, և ստորացրեցին մեր նախնիներին: Նրանք իրենց կիսաստված էին համարում: Կերան, խմեցին, փսխեցին: Արհամարհեցին ժողովրդին: Բայց իրենց ելույթներում գրում էին՝ «գյուղացին ժողովրդի տերն է»: Ժողովրդին և գյուղացուն թալանեցին՝ ասելով «դու ես մեր տերը»: