Թուրքական F-16 ռազմական ինքնաթիռներն Էգեյան ծովում խախտել են Հունաստանի օդային տարածությունը:
Այս հերթական միջադեպի մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, հայտնել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարարության գլխավոր շտաբը:
Նրա տվյալներով' «տաս ռմբակոծիչներ, այդ թվում' երկուսը սպառազինությամբ հանդերձավորված, Էգեյան ծովի հյուսիս-արևելյան, կենտրոնական և հարավ-արևելյան հատվածներում 7 անգամ խախտել են հունական ազգային օդային տարածությունը»: Թուրքական ինքնաթիռներին Հունաստանի օդային տարածությունից դուրս են մղել օդ բարձրացած հունական ռմբակոծիչները: Գլխավոր շտաբը նշել է, որ այդ գործողության մի դրվագում առանց զենքի օգտագործման, այսպես կոչված, կեղծ օդային մարտ է տեղի ունեցել:
2006 թվականին օդային տարածությունը խախտողներին բռնելու գործողության ընթացքում բախում է տեղի ունեցել թուրքական և հունական կործանիչի միջև: Այն ժամանակ թուրք օդաչուն հասցրել էր կատապուլտով դուրս նետվել, իսկ հույն օդաչուն զոհվել էր: