Սահմանադրության փոփոխությունների նոր նախագիծը նախատեսում է, որ հանրապետության նախագահին ընտրելու է ընտրիչների ժողովը: Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանի խոսքով' մասնագիտական հանձնաժողովը նման որոշման է հանգել, որպեսզի նախագահը կախված չլինի խորհրդարանական մեծամասնությունից և ունենա լեգիտիմության ավելի բարձր աստիճան:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, համաձայն նախագծի, ՀՀ նախագահն ընտրվում է ընտրիչների ժողովի կողմից, իսկ ընտրիչների ժողովը կազմված է Ազգային ժողովի պատգամավորներից և ԱԺ պատգամավորների թվին հավասար Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընտրված ներկայացուցիչներից:
Համայնքների ղեկավարները կամ ավագանու անդամներն ապագայում Ընտրական օրենսգրքով նախատեսվող ընթացակարգով իրենց մեջից կընտրեն ընտրիչների: «Համայնքների ներկայացուցիչները համամասնորեն կբաժանվեն, ասենք' 50 համայնքից կընտրվի մեկ ընտրիչ, այսինքն' 50 համայնքի ղեկավարներն ու ավագանու անդամները կհավաքվեն ինչ-որ մի տեղ ու կընտրեն այդ մեկ անձին, որը կլինի ընտրիչ նախագահի ընտրությունների համար: Այս մեկը գումարվելով պատգամավորներին կընտրի հանրապետության նախագահին»,- ասաց Հրայր Թովմասյանը: