«Մեր կուսակցությունը միշտ դեմ է արտահայտվել, որ ՀԱԿ-ը վերածվի կուսակցության, դա տարիների խոսակցություն է, ուղղակի նոր հրապարակում է եղել այդ մասին»,- galatv.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին տված հարցազրույցը՝ ՀԱԿ-ը կուսակցության վերածելու մասին, ասաց ՀԱԿ անդամ Ժողովրդավարական հայրենիք կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը: Լեւոն Տեր-Պետրոսյանը իր հարցազրույցում ասել է. «Նկատի ունենալով առաջիկա տարիներին քաղաքական զարգացումների միտումները, կարծում եմ' արդեն ժամանակն է, որպեսզի Կոնգրեսը քաղաքական զանազան ուժերի ու անկուսակցականների ազատ դաշինքից վերածվի մեկ միասնական կուսակցության: Ուզում եմ նաև տեղեկացնել, որ Կոնգրեսին հավատարիմ մնացած ուժերի շրջանակում այդ գաղափարի իրականացման շուրջ քննարկումներ արդեն իսկ ընթանում են»:
«Դա վաղուցվա գործընթաց է, դա նոր չէ, հետո մենք նախապատրաստվում ենք համագումարին, բոլոր հարցերի պատասխանը կտա մեր համագումարը: Բայց մի բան հստակ կարող եմ ասել, որ մեր կուսակցությունը այնտեղից, որտեղից դուրս է եկել, նորից նույն տեղը չի գնա»,- ասաց Մակեյանը՝ հիշեցնելով, որ Ժողովրդավարական հայրենիք կուսակցությունը ժամանակին տարաձայնությունների պատճառով է հեռացել ՀՀՇ-ից եւ ձեւավորվել որպես ինքնուրույն կուսակցություն: Պետրոս Մակեյանը հիմա վստահ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ձեռնամուխ է լինելու երկրորդ ՀՀՇ-ի ձեւավորմանը:
«1997-ին մենք տարանջատվեցինք ՀՀՇ-ից՝ ունենալով որոշակի տարաձայնություններ, հիմա նորից ՀՀՇ վերադառնալու ցանկություն չունենք: Անզեն աչքով երեւում է, որ այդ հարցում շահագրգռված է ՀՀՇ-ն:
ՀԱԿ-ը, որպես կուսակցությունների դաշինք, կարող էր երկրի խնդիրները լուծել անցած հինգ տարիների ընթացքում, եւ եթե կուսակցությունների դաշինքը չկարողացավ անել նույն Լեւոն- Տեր Պետրոսյանի գլխավորությամբ, ես դժվարանում եմ մտածել, որ այն կուսակցությունը կկարողանա անել, որի հիմնական կորիզը ՀՀՇ –ն է լինելու»,-ասաց Պետրոս Մակեյանը:
Քրիստինա Մկրտչյան