Ամերիկահայ կիթառահար Վահագնին սեպտեմբերին հանրությանը կներկայացնի իր նոր՝ Imagined Frequencies ձայնասկավառակը: Նոր ալբոմում հանդես են գալիս նաև անվանի իսպանացի երգչուհի Կոնչա Բուիկան, Տիգրան Համասյանը, Արտո Թունչբոյաջյանը, Սեպուհ Սիմոնյանը, Գևին Սալմոնը, Արտյոմ Մանուկյանը և այլ երաժիշտներ: Երաժիշտ Վահագնին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ ձայնասկավառակում ներառված է նաև «Հով արեք, սարեր ջան» երգը, որը կատարում է երգչուհի Կոնչա Բուիկան:

 

 

«Երգը կունենա նաև տեսահոլովակ, որը նույնպես կներկայացվի սեպտեմբերին: Սա իմ չորրորդ ձայնասկավառակն է: 2014 թվականին Կոնչա Բուիկայի հետ որպես կիթառահար շրջագայությունների էի, հուլիսից ալբոմի վրա էի աշխատում: Կոնչան ինքն առաջարկեց հայկական ժողովրդական գործ երգել, ապա Մայամիում ձայնագրեց ստեղծագործությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Վահագնին:

 

 

Երաժիշտն առաջին անգամ հուլիսի 29-ին համերգով հանդես կգա Հայաստանում: «Անակնկալ էր ինձ համար, գալիս էի Տիգրան Համասյանի հարսանիքին, և ընկերներս համերգ կազմակերպեցին: «Ֆորշ» ակումբում եմ համերգ ունենալու: Շատ երկար չեմ կարող մնալ, այլ տեղեր էլ առաջարկեցին համերգներ ունենալ, բայց չեմ հասցնի»,-նշեց նա: Համերգին Վահագնիի հետ ելույթ կունենան երաժիշտներ Արտյոմ Մանուկյանը, Նորայր Քարտաշյանը, Արման Ջալալյանը, Տիգրան «Պակուիտո» Այվազյանը: Կհնչեն նոր և հին ստեղծագործություններ:

 

 

Հարցին, թե հնարավոր է, որ Կոնչա Բուիկան համերգ ունենա Հայաստանում, Վահագնին պատասխանեց, որ չի բացառում, և այդ թեմայով խոսել է երգչուհու մենեջերի հետ:

 

 

Կիթառահար Վահագնին ծնվել է 1985 թվականին Երևանում: Սկսել է կիթառ նվագել 9 տարեկանից: Տեղափոխվել է Իսպանիա՝ դասընթացներ վերցնելու անվանի կիթառահարներից: Համերգներով հանդես է եկել տարբեր երկրներում, ունի չորս ձայնասկավառակ: