Կայուն զարգացման նոր նպատակները, որոնք ՄԱԿ-ի կողմից մշակվել են աղքատության եւ սովի դեմ պայքարելու համար, տարեկան կպահանջեն մինչեւ 5 տրլն դոլար: ՄԱԿ-ում այս թիվը «անհասանելի» են համարում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

 

«Ընդհանուր գումարները տարեկան 3,5-ից մինչեւ 5 տրիլիոն դոլար են»,- հայտարարել է ՄԱԿ-ին առընթեր Քենիայի մշտական ներկայացուցիչ Մախարիա Կամաուն, որը միջնորդ է բանակցություններում: Նա խոստովանել է, որ այդ թվերը աստղաբաշխական են, ընդսմին նշելով, որ «դա հավակնոտ է, բայց ոչ անիրագործելի»:

 

 

«Մենք խոսում ենք տնտեսության, սոցիալական ոլորտի եւ շրջակա միջավայրի փոփոխմանն ուղղված օրակարգի մասին»,- ասել է նա: «Այդ միջոցների մեծ մասը կստացվի ոչ կառավարությունների բյուջեներից: Դրանց մեծ մասը կլինեն երկրների տեղական ռեսուրսները, որոնք կհամալրվեն բիզնեսի ներգրավմամբ, ինչպես նաեւ զարգացման օգնության ծրագրերով, որոնք կահամախմբեն հանրային ու մասնավոր ռեսուրսները եւ դրանք կուղղորդեն այդ մարտահրավերներին»,- նշել է նա:

 

 

ՄԱԿ-ի անդամ երկրները նախօրեին համաձայնեցրել են գլոբալ զարգացման օրակարգը 2015 թվականից հետո ընկած ժամանակաշրջանում: Ինչպես սպասվում Է, 29-Էջանոց փաստաթուղթը, որի շուրջ բանակցությունները շարունակվում Էին ավելի քան երկու տարի, սեպտեմբերին կհաստատվի համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանում անցկացվելիք գագաթնաժողովում:

 

 

Օրակարգում նշված են կայուն զարգացման 17 նպատակներ (ԿԶՆ)՝ նախատեսված 15 տարվա համար: Դրանցից ամենաառաջինը նախատեսում Է «աղքատության համատարած վերացում՝ իր բոլոր դրսեւորումներով»: Դրան հաջորդում են, մասնավորապես, «սովի վերացումը, պարենային անվտանգության ապահովումը» եւ առողջ կենսակերպը, սեռերի հավասարությունը, հուսալի եւ կայուն Էներգետիկայի հասանելիությունը, ինչպես նաեւ կայուն տնտեսական աճը, որը նախատեսում Է աշխատատեղերի ստեղծում: ԿԶՆ-ի իրականացումը կպահանջի սոցիալ-տնտեսական զարգացման բնագավառի 170 առաջադրանքների կատարում:

 

 

«Մենք լի ենք վճռականությամբ՝ այս սերնդի կյանքի ընթացքում մարդկությանն ազատել աղքատության ճիրաններից եւ ցանկանում ենք մեր մոլորակը բուժել եւ պաշտպանել հանուն ներկա ու ապագա սերունդների,-ասված Է տեքստի ներածականում:-Մենք տրամադրված ենք ձեռնարկել համարձակ քայլեր, որոնք կենսականորեն անհրաժեշտ են աշխարհը կայուն ապագայի ուղի դուրս բերելու համար: Բոլորս միասին բռնելով այդ ուղին՝ մենք խոստանում ենք, որ ոչ ոք հետ չի մնա»:

 

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ողջունել Է երկրների կողմից կայուն սոցիալ-տնտեսական զարգացման նոր պլանի համաձայնեցումը: «Դա օրակարգ Է մարդկանց համար, աղքատության բնաջնջման գործողությունների պլան՝ դրա բոլոր չափումներով՝ անվերադարձ, համատարած, եւ հետեւում ոչ ոքի չթողնելով: Այն նպատակամղված Է խաղաղության ապահովմանը եւ բարգավաճմանը, ինչպես նաեւ գործընկերությունների ստեղծմանը՝ ի շահ մարդկանց եւ մոլորակի»,-նշել Է համաշխարհային կազմակերպության վարչական ղեկավարը: Նրա խոսքով՝ սեպտեմբերին, երբ փաստաթուղթը կընդունեն, սկիզբ կդրվÕ « «կայուն զարգացման նոր դարաշրջանին, որտեղ աղքատությունը արմատախիլ կարվի, բարիքներն ընդհանուր կլինեն, իսկ կլիմայի փոփոխությունների հիմնական պատճառները կհաղթահարվեն», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: