Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն անօրինական է համարում իր որդու՝ Տիգրան Խաչատրյանի ձերբակալությունը Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպի գործով: Կառավարության նիստից հետո լրագրողների հեÕ ¿ զրույցում Սուրիկ Խաչատրյանը նշեց, որ այժմ ընթանում է գործի քննությունը և ամեն ինչ կպարզվի: Հարցին' եթե իր որդին մեղավոր չէ, ինչու նրան ձերբակալեցին, մարզպետը նշեց. «Ես էլ չեմ կարողանում հասկանալ, թե ինչու ձերբակալվեց, որովհետև այդ ձերբակալումն անկեղծ որ խոսենք, անօրինական էր, ճիշտ չէր, որովհետև իսկապես ինքը դրան տեղյակ չէր: Ամեն դեպքում, խնդիր չեմ տեսնում, քննությունը կգնա արդար ճանապարհով: Իրավապահ մարմիններն իրենց գործն են անում և չեմ կարծում, որ սրա կամ նրա թիկունքին պետք է կանգնեն: Թիկունքին կանգնելու խնդիրը ես բացառում եմ, որովհետև այդպիսի բան չկա»: Մյուս հարցին՝ հնարավոր է ինքը հրաժարական տա՝ մարզպետն ասաց, որ չի կարծում և լրագրողներին չի ուրախացնի:
Անդրադառնալով ԶԼՄ-ներում շրջանառվող այն տեղեկատվությանը, թե Տիգրան Խաչատրյանը բանակից ազատվել է հոգեկան խնդիրների պատճառով՝ Սուրիկ Խաչատրյանն ասաց, որ իր որդին ոչ մի հոգեկան խնդիր չունի, իսկ տարկետման իրավունքը տրվել է, քանի որ Բուդաղյանների հետ կապված գործով ձերբակալվելուց հետո ցնցումների մեջ է եղել: Այնուհետև տեղի է ունեցել դատաքննությունը և նրան չէին կարող զորակոչել բանակ: