Թուրքիայի Ուրֆա նահանգի Սուրուչ քաղաքում քրդական երիտասարդական կազմակերության կազմակերպած միջոցառման ժամանակ ահաբեկչական պայթյունից հետո, որի ժամանակ 32 մարդ զոհվել, 100-ից ավել մարդ էլ վիրավորվել էին, Անկարան որոշել է միանալ Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողություններին: ԻՊ-ի դեմ պայքարի պատրվակով Թուրքիան առաջինը սկսել է հարվածներ հասցնել Իրաքի հյուսիսում տեղակայված Քու րդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) հենակետերին: Այդ պատճառով PKK-ի մարտիկները գրեթե երկու տարի միակողմանի հայտարարած հրադադարից հետո վերսկսել են քրդական ինքնավարության համար զինված պայքարը, ինչի նկատմամբ թուրքական զինուժի գործողությունները Թուրքիան մտցրել են մի նոր ներքին պատերազմի մեջ:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրում է անգլիական The Daily Telegraph թերթն իր' «Քրդերի հետ Թուրքիայի պատերազմը շահավետ կլինի միայն ԻՊ-ի համար» հոդվածում:

 

«PKK-ի դեմ ռազմական գործողություններով Թուրքիան գնում է ներքին պատերազմի: Արեւմուտքի եւ դաշնակիցների տեսակետից քրդերի հետ թուրքերի միջեւ պատերազմի վերսկսումը մի քանի պատճառներով անօգուտ գործ է: Չնայած PKK-ն ԱՄՆ-ի եւ արեւմտյան մյուս ուժերի կողմից ահաբեկչական է ընկալվում, սակայն այն Սիրիայում ԻՊ-ի դեմ գործողություններում ամենաազդեցիկն է: Սպասվում է, որ ԻՊ-ի դեմ գործողություններում ամերիկյան ռազմական ինքնաթիռներն աջակցություն կցուցաբերեն PKK-ի մարտիկներին: Այդ է պատճառը, որ PKK-ն Անկարային մեղադրում է այն բանում, որ ԻՊ-ի կազմում կռվող իր դաշնակիցներին պաշտպանելու համար Թուրքիան ռմբակոծում է PKK-ի հենակետերը», -գրում է թերթը: