Երևանում գործող որոշ հանրային կառույցներ, որոնք ծառայում են որպես հյուրանոց կամ հանգստի օբյեկտ, հաճախ դառնում են մարմնավաճառությամբ զբաղվող կանանց հավաքատեղիներ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը փաստաբան Ստեփան Ոսկանյանը նշեց, որ գտնվելով բնակելի շենքերի անմիջական հարևանությամբ՝ արդյունքում տուժում են բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր օրինական ճանապարհով փորձում են միջամտել իրենց բակերում և բնակարանների պատուհանների տակ տեղի ունեցող գիշերային իրարանցումներին:
Փաստաբանի խոսքով' նման կերպ տուժել են իր պաշտպանյալ Վազգեն Կարապետյանն ու նրա ընտանիքը, ովքեր, բնակվելով Արտաշեսյան 44 շենքում, հարևանների հետ համատեղ բազմիցս բողոքներ են ներկայացրել պատկան մարմիններին: Խնդիրն այն է, որ շենքի անմիջական հարևանությամբ գործող կառույցում հավաքվող մարմնավաճառների և նրանց հաճախորդների ստեղծող աղմուկ-աղաղակը չի սահմանափակվում նշված կառույցի պատերով, այլ հիմնականում վիճաբանություններն ու տարբեր տիպի հարաբերությունները տեղի են ունենում բնակարանների պատուհանների տակ և բակերում, ինչի ականատես են դառնո ւմ երեխաները:
«Իմ պաշտպանյալը բազմիցս փորձել է միջամտել իրենց շենքի բակում մարմնավաճառների հավաքման և նրանց ծառայություններից օգտվող երիտասարդների հավաքին: Սակայն արդյունքում մարմնավաճառների հետ սերտ կապի մեջ գտնվող ոմն Իգոր Կովալյովը ցուցմունք է տվել, որ Վազգեն Կարապետյանի կողմից ենթարկվել է ավազակային հարձակման և շորթման, որի արդյունքում փետրվարի 12 հարուցվել է քրեական գործ և օրերս այն կքննվի դատարանի կողմից», - տեղեկացրեց Ստեփան Ոսկանյանը:
Հարուցված քրեական գործում առկա է միայն մեկ շահագրգիռ անձի ցուցմունք՝ Իգոր Կովալյովի, ով սերտ կապերի մեջ է գտնվում մարմնավաճառների հետ:
«Ըստ ցուցմունքների' մարմնավաճառներից գումար վերցնելու համար Կովայովը դիմել է Վազգեն Կարապետյանին' խոստանալով այդ գումարից բաժին հանել: Ի պատասխան' իմ պաշտպանյալը կտրուկ պատասխանել է, որ նման գործերով չի զբաղվում: Արդյունքում մի քանի ժամ անց Կովալյովը դիմում է ոստիկանություն' բողոքելով, որ Վազգեն Կարապետյանը, նրան սպառնալով դանակով և ատրճանակով, գումար է պահանջել», - նշեց Ստեփան Ոսկանյանը:
Արդյունքում, մարմնավաճառների և նրանց այցելուների հարաբերությունների արդյունքում հարևան շենքերի բնակիչների անհանգստություն պատճառելուն դեմ պայքարող Վազգեն Կարապետյանի նկատմամբ արդեն հինգ ամիս է առկա է խափանման միջոց, այն դեպքում, երբ հանդիպմանը ներկա Կովալյովի ընկերոջ պատմածը կտրուկ տարբերվում է Կովալյովի ցուցմունքներից: Վերջինս վկայում էր, որ խոսակցության ժամանակ որևէ դանակով կամ ատրճանակով սպառնալիք չի եղել: Իրավաբանը նաև բողոքեց, որ դեպքի առնչությամբ տարածքում առկա որևէ տեսախցիկի նկարահանում չի ուսումնասիրվել:
«Փաստորեն մեկ ցուցմունքի հիման վրա մարդը գտնվում է նախնական կալանքի տալ, ինչը մարդու իրավունքների խախտում է, և նրա մեղավորությունը ապացուցված չի: Վճռաբեկ դատարանն ունի նախադեպային որոշում, որ շահագրգիռ անձի կամ տուժողի ցուցմունքի հիման վրա չի կարելի մեղադրանք առաջադրել, կամ մեղադրական եզրակացությամբ դատի տալ: Իսկ այս դեպքում նրան առաջադրվում է մեղադրանք», - ասաց «Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտե» ՀԿ նախագահ Աշոտ Աթոյանը: