Սերժ Սարգսյանի մոտ հազվադեպ անհաջող քարոզարշավ ստացվեց: Այնպիսի տպավորություն է, որ բոլորը ցանկանում են «ոտք գցել» նրան, չնայած ամենամեծ վնասն իհարկե ինքն է իրեն հասցնում:
Նախեւառաջ, Սերժ Սարգսյանին «քաշում է» վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով նախընտրական շրջանում ժողվրդականություն չվայելող քայլերի գնաց՝ միջին խավի համար բարձրացնելով հարկերը: Վարչապետը չէր կարող չգուշակել, որ դա բողոքներ ու դժգոհություններ կհարուցի, որոնք կհամընկնեն նախընտրական քարոզարշավի հետ:
Իրավիճակը խորացրել է եւս մեկ սիրելի պատգամավոր՝ Վարդան Այվազյանը, ով ասել է, որ Հայաստանում ատամնաբույժների թիվը չափից շատ է, եւ նրանց պետք է «կրճատել»:
Շեֆին հարվածի տակ է դնում նաեւ սիրելի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը, ով բացահայտորեն խանգարում է Հայաստան ֆրանսիական Կարֆուր հիպերմարկետների ցանցի մուտքը: Լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել, որ Դալմա գարդեն մոլում, որտեղ պետք է տեղի ունենար Կարֆուրի բացումը, կբացվի Սամվել Ալեքսանյանի Երեւան Սիթի սուպերմարկետը:
Սերժ Սարգսյանին ոչ պակաս խայտառակում է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարում է, որ քաղաքապետարանում 150 հազար դրամ աշխատավարձով մի քանի հարյուր թափուր աշխատատեղ կա, իսկ լրագրողին քաղաքապետարանում ասում են, որ աշխատավարձը չի գերազանցում 90 հազար դրամը, դա էլ պայմանով, եթե ավտոբուսի վարորդն աշխատի օրական 12 ժամ:
Սերժ Սարգսյանին լավ ծառայութուն է մատուցել նաեւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ով պայմանագիր է ստորագրել, համաձայն որի, Սյունիքի արոտավայրերը խժռելու է տալիս իրանական ոչխարներին:
Սերժ Սարգսյանին ոչ պակաս զգայուն հարված են հասցրել լրագրողները, ովքեր ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություն են խնդրում արտասահմանյան դեսպաններից եւ կոշտ գնահատականներ են «պոկում»:
Կարճ ասած, Սերժ Սարգսյանն ինքն է իրեն շրջապատել այնպիսի մարդկանցով, ովքեր կամ դիտմամբ են նրան հարվածի տակ դնում, կամ էլ արտահայտում են իրենց բնական ցինիզմը: Սերժ Սարգսյանը գուցե իրեն այլ մարդկանցով շրջապատելու հնարավորություն ուներ խորհրդարանի ընտրությունների ժամանակ, սակայն նա չի դիմացել «սիրելիների» ճնշմանը եւ չի կարողացել կամ էլ չի ցանկացել փոխել շրջապատը: Ամենայն հավանականությամբ, պատճառն այն է, որ նրանք հոգեւոր առումով մոտիկ են իրեն:
Եվ դա Սերժ Սարգսյանը թիմ է անվանում, որը պետք է հաղթանակ բերի իրեն: Նա նախատում է այլ թեկնածուներին, որ ցանկանում են առանց թիմի նախագահ դառնալ: Աստված հեռու պահի նման թիմից: