Դատախազը դեռ կարող է պարզերես լինել՝ ճառով հրաժարվելով Սամվել Դիլոյանի նկատմամբ մեղադրանքից

 

 

Երեք տարվա դատավարության ընթացքում մեղադրանքը չհիմնավորվելու կապակցությամբ փաստաբան Սամվել Շարբաթյանի մահվան դեպքի առթիվ Սամվել Դիլոյանին, Արտակ և Արեն Վերանյաններին առաջադրած խմբակային խուլիգանության, իսկ վերջինիս նկատմամբ նաև խմբակային սպանության մեղադրանքներից հրաժարվելուց հետո ապացույցների բացակայության պայմաններում պաշտպանական և տուժող կողմերը կոչ են անում դատախազությանը՝ հրաժարվել նաև Սամվել Դիլոյանի նկատմամբ սպանության մեղադրանքից: Այն դեպքում, երբ գործի դատաքննությամբ արդեն ապացուցվել է, որ հանգուցյալ փաստաբանի հետ վիճաբանողը երեք մեղադրյալներից միայն Արտակ Վերանյանն է եղել, որն էլ, դեպքի հաջորդ օրը ներկայանալով իրավապահներին, խոստովանել է, որ ինքն է հարվածել տուժողին քաշքշուկի ընթացքում: Այս հանգամանքը հաստատվել է եւ առաջին դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ, եւ երրորդ՝ լրացուցիչ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննությունն իրականացրած՝ անկախ հանձնաժողովի կողմից:

 

 

Դատախազությունը շարունակում է պնդել Արտակ վերանյանի հետ Սամվել Դիլոյանի հանցակցությունը՝ մատնանշելով գործով երկու վկաների Էդվարդ Խլղաթյանի և Կարեն Խեչոյանի նախաքննական ցուցմունքները, որոնք, ըստ դատախազության, Արտակ Վերանյանի և Սամվել Դիլոյանի կողմից տուժողին սպանելուն ուղղված գործողությունների մասին են, որոնք, նույն դատախազության ներկայացմամբ, վկաները նաև առերես պնդել են մեղադրյալների դեմ:

 

 

Բայց զարմանալիորեն, մեղադրանքի այդ մեջբերումները բացակայում են քրեական գործում: Մինչ դատական վիճաբանությունների փուլին՝ դատաքննությամբ ձեռք բերված ապացույցների վերլուծությանն ու գնահատմանն անցնելը, ամբաստանյալ Սամվել Դիլոյանը քրեական գործից փաստացի հղումներով գլխավոր դատախազության ՀԿԳ դատախազ Արթուր Երիցյանի ուշադրությունը հրավիրեց նրա իսկ վկայակոչած հանգամանքներին, թե ինչի հիման վրա են դեռ իրեն պահում մեղադրյալի կարգավիճակում: «Այն, ինչ որ դուք մեջբերում եք, ոչ միայն իրականությունը չի, այլև գոնե քրեական գործում չկա: Էդ սարքածը չկա, ձեր ուզած սարքածը չեն սարքել, մի քիչ ուրիշ բան են սարքել, Դուք լրիվ ուրիշ բան եք կարդում: Ինչ որ ինձ մեղսագրվել ա՝ էդ մարդու սպանությունը չի եղել, չեն սպանել էդ մարդուն, հնարավոր չի էդ մարդուն սպանած լինեին, էստեղ բոլորը չհասկանային, որ էդ մարդուն սպանել են»,-ասաց Սամվել Դիլոյանը՝ կոնկրետ անդրադառնալով նշված վկաների նախաքննական ցուցմունքներին՝ դրանց համադրության մեջ և «արժանահավատության» տեսանկյունից:

 

 

Նախևառաջ Սամվել Դիլոյանը վկա Կարեն Խեչոյանի հետ չի առերեսվել, ինչպես դատախազությունն է հրապարակավ փաստարկում իր մեղադրանքի որոշման մեջ, պաշտպանական կողմը բազմիցս պնդել է մեղադրյալներին առերեսել վկաների հետ, բայց այդպես էլ չի ապահովվել նրանց այդ իրավունքի իրացումը, չի եղել առերեսում: «Ես Խեչոյանի հետ չեմ չեմ ունեցել առերեսում, պարո՛ն դատախազ: Այ որ թերթեք քրեական գործը, կտեսնեք,-դատախազ Երիցյանին դիմեց Դիլոյանը: Բացի այդ, օրինակ վկա Խեչոյանի առաջին նախաքննական ցուցմունքն ընդհանրապես Շարբաթյանի մասին չէ, հարցաքննությունը կատարվել է Քիշմիշյան ազգանվան շուրջ: Եվ դա այն պարագայում, երբ նույն վկան նշել էր, թե ընկերական հարաբերությունների մեջ է գտնվել հանգուցյալի հետ:

 

 

«Որտեղ պետք ա՝ լամպը լուսավորել ա նեոնային 2 լույսերով. ասում ա՝ քանի որ մութ էր, բացի իմ թվարկած մարդկանցից, ուրիշ մարդ չեմ տեսել, հաջորդ ցուցմունքներում ասում ա՝ երկու նեոնային լամպ էր վառվում, արդեն տեսա: Եվ ինչեր չէր տեսել իր նախկին ցուցմունքներում. բացի Դիլոյանից և շեկ տղայից՝ նաև ևս 2 անծանթ կար, ինչպես նաև 2 կամ 3 արտասահմանյան մեքենա, որոնց մոտ կային ևս 2-3 անձինք: Քննիչի մոտ կասկած չի հարուցում՝ էս ոնց լուսավորվեց, էս ոնց մթացավ: Առաջին ցուցմունքում դուրս ա գալիս մեկ անգամ, երկրորդ լրացուցիչում՝ երկու անգամ, առաջին անգամ դուրս ա գալիս, Խլղաթյան էդիկը կա, երկրորդ անգամ դուրս ա գալիս, չկա: Իսկ մինչև այդ տեսել ա՝ ինքն ա, Էդիկը մեզ ինչ-որ բան ա հորդորում, և գիտե՞ք ինչ ա ասում՝ էդիկը դիտողություն էր անում՝ գնացեք, ոչինչ խմած ա, գնացեք, վաղը կգաք, կխոսանք, ուրեմն մենք իր ընկերոջը սպանել ենք, ըստ ձեր արժանահավատ համարվող կարծեցյալ ցուցմունքի, մենք մարդ ենք սպանել, ըստ իրենց, էդիկը դիտողություն ա անում, թե՝ դե լավ գնացեք, էգուց կգաք: Դա խելքին մոտի՞կ ա: Երկուսի նախաքննական ցուցունքերում էլ նշվում ա՝ Խլղաթյանի ցուցմունքում՝ մի պահ տեսա, որ Դիլոյանն ու Արեն Վերանյանը մի կողք էին կանգնած, նույնը Խեչոյանի մոտ ա՝ տեսել ա մեզ հեռուն կանգնած:

 

 

Նաև Խեչոյանը նշել էր, որ կրակոցներ ա լսել, որ ֆիզիզկապես անհնար ա օդամղիչից ձայն լսվի, աբսուրդ ա, տենց բան չպետք ա գրեր, չորս ցուցմունք հետո հասկանալով, որ ծիծաղալի ա, ասել ա՝ չէ, խոհանոցում ենթադրեցի շիշ ա ջարդվել:

 

 

 

Խլղաթյանի առաջին ցուցմունքում, որ դեպքից 2 ժամ հետո է տվել, թարմ, որևէ բառ անգամ չկա, ակնարկով անգամ, որ ինքը տեսել է Սամվել Դիլոյանին Սամվել Շարբաթյանին հարվածելիս: Դրանից 2 օր հետո էլ որևէ բառ չկա: Միայն հինգ ամիս հետո, երբ որ մեզ արդեն ձերբակալել էին, մենք ինչ-որ համաձայնությունների չէինք եկել, օրենքի դաշտից դուրս չէինք եկել, Խլղաթյանի մոտ հայտնաբերվում ա այսպիսի բան, որ քացահարողների մեջ տեսել ա Դիլոյանին: Որից հետո բերում են ինձ մոտ առերեսման, առերեսման ժամանակ նա իսպառ բացառում ա դա: Առերեսմանը ներկայացնում ա այն մեխանիզմը, որը նաև ֆիզիկապես բացառում ա իմ մոտենալը տուժողին: Իմիջիայլոց միակ ցուցմունքն ա առերեսումը ինձ հետ, սա հատկապես ձեզ համար եմ նշում, պարոն Երիցյան, որտեղ մանրակրկիտ ներկայացնում ա իրավիճակը, թե հանգամանքներն ու պարամետրերը, թե խոսքերը, թե մեխանիզմը, որևէ այլ տեղ չկա: Մյուս տեղերում ընդհանուր բնույթի ձևակերպումներ են՝ ընդեղ ձայների էի լսում, ընդեղ էսինչն էր, ինձ թվաց էսէր, ինձ թվաց էսինչն էր: Առերեսումից հետո դուրները չի գալիս, տանում են նորից վերցնում են ցուցմունք, 5-րդ լրացուցիչ ցուցմունքը, քննիչի հարցին՝ ի վերջո ո՞րն է իրականությունը, Սամվել Դիլոյանի Արտակ Վերանյանի և ձեր մյուս նշած անձին տեսե՞լ եք արդյոք Շարբաթյանին ծեծելիս, նրանք իրականում հարվածո՞ւմ էին Շարբաթյանին, թե՞ ոչ, պատասխանում է՝ կրկնում եմ, որ երբ դուրս եկա, նրանց կողմից լսվում էին խփելուն, քաշքշելուն, կռվին բնորոշ ձայներ նաև հայհոյանքներ: Իմ մոտենալու պահին Արտակն ու մյուսը կանգնած էին Շարբաթյանին մոտ, իսկ Դիլոյանը՝ նրանց շատ քիփ,-ցուցմունքները մանրակրկիտ ներկայացնելով՝ Դիլոյանը դարձյալ դիմեց դատախազ Երիցյանին,-Դուք նմանատիպ աբսուրդները ուզում եք ասեք հի՞մք եք ընդունում: Ես հավատում եմ, որ վերջնականապես ու գոնե մի անգամ Դուք էս քրեական գործը կկարդաք և կհասկանաք՝ անմեղը որն ա, մեղավորը՝ որը: Եվ ճառերի ժամանակ չեք կորցնի Ձեր հնարավորությունը՝ պարզերես լինելու իմ մասով»:

 

 

Նախքան դատական վիճաբանությունների փուլին անցնելը պաշտպանները հիշեցրին մեղադրող դատախազներին, որ ճառով անգամ կարող են հրաժարվել մեղադրանքից, և կոչ արեցին, հորդորեցին ճիշտ վերջաբանով ավարտել այն՝ Սամվել Դիլոյանին առաջադրված մեղադրանքից հրաժարվելու միջնորդությամբ: