Ռեժիսոր Արամ Շահբազյանի՝ հայ-ռուս-ֆրանսիական համատեղ արտադրության «Մոսկվիչ, իմ սեր» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը Սախալինի միջազգային «Աշխարհի ծայրը» փառատոնում մրցանակի է արժանացել: Ֆիլմը հանդիսատեսի հավանության գրան պրի մրցանակ է ստացել:

 

 

 

Օգոստոսի 21-28-ն անցկացվող փառատոնին Հայաստանն առաջին անգամ մասնակցել է փոքր մարդու մեծ ողբերգությունը ներկայացնող ֆիլմով: «Մոսկվիչ, իմ սեր» կինոնկարն այս տարի մասնակցել է երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին, արժանացել երկու մրցանակների:

 

 

Ֆիլմի հիմքում իրական պատմություն է: Կինոնկարի նկարահանումներն անցկացվել են Հայաստանում, մեծ մասը Վարդենիսում: «Մոսկվիչ, իմ սեր» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի գլխավոր հերոսը Ադրբեջանի Լենինավան գյուղից գաղթած Համոն է: Նա իր կնոջ հետ ապրում է Հայաստանի փոքրիկ մի գյուղում: Նրանց ողջ կարողությունը միակ կովն է և մի քանի հավը: Ամիսը մեկ անգամ Համոն գնում է շրջկենտրոն և ստանում Ռուսաստանում աշխատող որդու համեստ գումարը: Թվում է, թե ծերունիները կյանքն այդպես միապաղաղ էր լինելու, եթե Համոն շրջկենտրոնում չլսեր փողոցում հավաքված տղամա րդկանց խոսքն ու զրույցը: Ինչ-որ մեկն ասում է, որ հարևան գյուղում «Մոսկվիչ» ավտոմեքենա է վաճառվում: Համոն գնում է գյուղ և տեսնում մեքենան: Մեքենայի տերը համաձայնվում է սպասել, մինչև Համոն կբերի 800 դոլարը: Երազանքը մինչև ծերություն պահած Համոյի համար մեքենայի գումարը ձեռք բերելը դառնում է կյանքի խնդիր: Ֆիլմն աշխարհի հեռավոր մի անկյունում ապրող մի մարդու դրաման է: