Շաբաթ օրը՝ օգոստոսի 29-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Հրանտ Ասրյանը միջնորդությամբ դիմել էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Պտղնի գյուղի բնակիչ, 28-ամյա Արման Բաղդասարյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված դատարանի դատավոր Յուրա Բաղդասարյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով ու խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշել է բավարարել քննչական մարմնի միջնորդությունը և Ա. Բաղդասարյանը, ով կասկածվում է Պտղնի գյուղի բնակիչ, 34-ամյա Ա. Ազիզյանին սպանելու մեջ, կալանավորվեց և տեղափոխվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 27-ին Երևանի Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոց էր տեղափոխվել 34 տարեկան մահացած տղամարդու դի: Երիտասարդը վնասվածքն ստացել էր կրծքավանադակի հատվածում հրազենից արձակված կրակոցից և, ըստ տեղեկությունների, նրան հիվանդանոց էր տեղափոխել եղբայրը:
Ավելի ուշ ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածը հանդիսանում էր Կոտայքի մարզի Պտղնի գյուղի բնակիչ, 34-ամյա Արսեն Ազիզյանը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ Ա. Ազիզյանը մահացու հրազենային վնասվածքը ստացել էր Պտղնի գյուղի Զանգվի ափին գտնվող ու իրեն պատկանող ձկնաբուծարանի տարածքում, երբ անհայտ անձը ավտոմատից կրակոցներ էր արձակել նրա ուղղությամբ: