Հակառակորդն արդեն մի քանի ժամ շարունակ կրակահերթի տակ է պահում Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը:
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ կրակում են սահմանամերձ մի անգամից մի քանի գյուղերի ուղղությամբ: Նա իրավիճակը գնահատեց «լարված»՝ հավելելով, որ կրակոցները շատ ուժեղ են:
«Կարող եմ ասել, որ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ այս պահին ընթանում են կրակոցներ: Հակառակորդը շատ ուժեղ է կրակում, իրավիճակը կբնութագրեի շատ լուրջ, լարված: Հայկական զինված ուժերն էլ պատասխանում են հակառակորդի կրակոցներին: Այս պահի դրությամբ հակառակորդը չի լռել»,- հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ներկա դրությամբ հայկական կողմից զինծառայողի զոհվելու կամ վիրավորվելու մասին տեղեկություն չունի: