Սահմանին լարվածություն ստեղծելու եղանակով Ադրբեջանը փորձում է խաթարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը: ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Դա անընդունելի է թե՛ Արցախի, թե Հայաստանի իշխանությունների համար, քանի որ մեզ համար ընդունելի ձևաչափը բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում խնդրի բացառապես խաղաղ կարգավորումն է: Եվ մենք անթույլատրելի և դատապարտելի ենք համարում Ադրբեջանի նման դիրքորոշումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

 

Շարմազանովը նկատեց, որ համապատասխան ոլորտի ներկայացուցիչներն արդեն հանդես են եկել հայտարարություններով՝ շեշտելով, որ ՀՀ Զինված ուժերը վերահսկում են իրավիճակը: Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները կփոխհատուցեն բոլոր վնասները, որ կրել են սահմանամերձ գյուղերի բնակիչները հակառակորդի գնդակոծության հետևանքով: «Այսօր հերոսություն է սահմանամերձ գյուղերում ապրելը: Այդ մարդիկ պետք է լինեն մեր ուշադրության կենտրոնում»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

 

Նա իր ցավակացությունը հայտնեց հակառակորդի գնդակից զոհված պայմանագրային զինծառայողի հարազատներին՝ շեշտելով, որ ցանկացած մարդկային կորուստ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմից, ընկնում է Ադրբեջանի պատասխանատվության վրա: