Սահմանադրական բարեփոխումների նպատակը Հայաստանում ժողովրդավարական ավանդույթների զարգացումն ու ամրապնդումն է: ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումների ընթացքում նման կարծօք հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շազարմազանովը: «Ավելին, իշխանության թևերի տարանջատման սկզբունքին գալիս է լրացնելու քաղաքական հավասարակշռութ յան սկզբունքը: Եթե այսօր շատ կարևոր օրենքներ անցնում են միայն մեծամասնության քվեարկության արդյունքում, և փոքրամասնությունը որևէ ազդեցություն չունի, ապա այս նախագծով մենք ավելացրել ենք ընդդիմության այս դերը: Ես 2007թ.-ից այս խորհրդարանում եմ, և այդ ժամանակներից մինչև հիմա մեր ընդդիմադիրենը խոսում են ընդդիմության դերի բարձրացման անհրաժեշտության մասին: Հիմա, այս նախագծով մենք բարձրացնում ենք ընդդիմության դերը՝ նրան տալով որոշումների վրա ազդեցություն ունենալու լիազորություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

 

Նա նկատեց, որ նախագծում սահմանված է, որ ԱԺ երեք տեղակալներից մեկը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ, իսկ սահմանադրական մայր օրենքները պետք է անցնեն ոչ թե պարզ մեծամասնությամբ, այլ պետք է անցնեն ձայների 3/5-ով: «Այսինքն, մեծամասնությունը այլևս առանց ընդդիմության գործուն մասնակցության չի կարողանալու որևէ կարևոր հարց լուծել»,- ընդգծեց Շարմազանովը՝ հավելելով, որ նախագծով հնարավորություն է տրվում, որպեսզի ընտրություններում պարտված քաղաքական ուժը նույնպես դերակատարություն ստանձնի և դուրս չմնա քաղաքական գործընթացներից:

 

Շարմազանովը կարևորում է նաև այն դրույթը, որի համաձայն' ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները քվոտա են ստանալու: «Հայաստանը շատ լավ գիտակցում է ազգային փոքրամասնությունների դերն ու նշանակությունը: Եվ, ազգային փոքրամասնություններին քվոտա տալով, մենք կամրապնդենք մեր երկրում ժողովրդավարական ավանդույթները»,- եզրափակեց Շարմազանովը: