Իրաքն ու Սիրիան կարող են կորցնել իրենց ամբողջականությունը և վերածվել մի քանի պետական կազմավորումների: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ ՊՆ Հետախուզական վարչության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Վինսենտ Ստյուարտը՝ ելույթ ունենալով հետախուզության և ազգային անվտանգության հարցերով համաժողովի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նա մասնավորապես անհամաձայնություն է արտահայտել այն գաղափարին, թե քրդերը նորից կենթարկվեն Իրաքի կենտրոնական կառավարությանը: Բացի այդ, նրա կարծիքով՝ ապագայում Սիրիան կարող է բաժանվել 2 կամ 3 մասի: Ստյուարտն ընդգծել է, որ ԱՄՆ-ն հետաքրքրված չէ իրադարձությունների նման զարգացմամբ, սակայն նման ելքը միանգամայն հավանական է թվում:
Համանման կարծիքի է նաև ԿՀՎ տնօրեն Ջոն Բրեննանը: Նա նշել է, որ այժմ Սիրիայի և Իրաքի իշխանությունները կորցրել են վերահսկողությունն իրենց սահմանների մի մասի նկատմամբ՝ «Իսլամական պետության» ակտիվ գործունեության պատճառով:
«Կարծում եմ՝ առաջիկա 10 կամ 20 տարում Մերձավոր Արևելքը կփոխվի»,- ասել է ԿՀՎ ղեկավարը՝ նշելով, որ արդեն հիմա Սիրիայի և Իրաքի բնակիչները հաճախ իրենց նույնականացնում են որպես այս կամ այն կրոնական կամ էթնիկ խմբի անդամներ, ոչ թե նույն երկրի քաղաքացիներ: