Ըստ ադրբեջանական կողմի տեղեկությունների` «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանն Ադրբեջանից քաղաքական ապաստան է խնդրել: 

 

Ըստ նույն աղբյուրի` Մարտիրոսյանը հայտարարել է, թե Հայաստանի Հանրապետության պատկան մարմինների կողմից ճնշումների է ենթարկվել իր գլխավորած նախաձեռնության գործունեության պատճառով: 

 

Մարտիրոսյանը ասել է, թե Ադրբեջան է գնացել, քանի որ իր ընտանիքին վտանգ էր սպառնում: 

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը փորձեց տեղեկության հավաստիությունը ճշտել ԱԱԾ մամուլի կենտրոնից, սակայն մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը մեզ ասաց, որ դեռևս հարցի առնչությամբ չի կարող տեղեկություն հաղորդել:

 

Ասաց նաև, որ ԱԱԾ-ում ստուգումներ և ճշտումներ են իրականացվում:

 

Քանի որ Վահան Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից ևս փորձեցինք տեղեկություն ստանալ` արդյոք տեղյա՞կ են, թե ուր է քաղաքացին:Քննչական կոմիտեից մեզ պատասխանեցին, որ նա դեռևս հարցաքննության չի ներկայացել, և նրա գտնվելու մասին Քննչական մարմինը տեղեկության չի տիրապետում:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը փորձեց ոստիկանության և ԱԳՆ-ի լրատավական ծառայություններից նույնպես ճշտել՝ արդյոք ունե՞ն տեղեկություններ Վահան Մարտիրոսյանից, սակայն այդ երկու կառույցներից էլ որևէ տեղեկություն չկհաղորդեցին: