Քարդաշյանների ընտանիքի հեռուստաշոուն հեռարձակող Ամերիկյան E! հեռուստաընկերության համացանցային տարբերակը ներկայացրել է մանրամասներ Keeping Up With the Kardashians հեռուստաշոուի նոր սերիայի վերաբերյալ, որտեղ ներկայացվել է ապրիլի սկզբին Քիմ և Քլոե Քարդաշյանների, ինչպես նաև Քանիե և Նորթ Ուեսթերի այցելությունը Հայաստան:

 

 

Դեռ Կալիֆորիայում, ճամպրուկները հավաքելիս, ակնկալելով կայանալիք ճամփորդությունը Քիմը Քլոյեին ասաց, որ իրենց հայրը անսահման երջանիկ կլիներ' իմանալով իր դուստրերի ճամփորդության մասին: Ի դեպ, Քիմը զգուշացրեց քրոջը, որ Հայաստանում իրենք պետք է կրեն ավելի զուսպ հագուստ:

 

 

Քույրերը տխրել էին, որ իրենց եղբայր Ռոբը չցանկացավ միանալ այս պատմական ճամփորդությանը, սակայն ընտանիքի մայր Քրիս Ջեները փորձում էր համոզել որդուն միանալ քույրերին: Ինչին ի պատասխան Քլոեն կոչ արեց հանգիստ թողնել եղբորը, ով այդ պահին խորը ապրումների մեջ էր: «Փաստորեն, դու փորձում ես նրան համոզել գնալ Հայաստան ամենահայտնի հայ աղջկա հետ», - նկատեց Քլոեն:

 

 

Շոուի երկար ապասված սերիայում մանրամասն ներկայացվել են Քիմի, Քլոեի, Քանիեի և Նորթի այցելությունները լուսանկարներով, շատերի համար արդեն հայտնի վայրերն ու հանդիպումները:

 

 

Տեսնելով, թե ինչպես է ամբոխը ջերմ սպասում Քիմի հետ հանդիպմանը' կրտսեր քույրը կատակ-հեգնանքով նշեց. «Եթե երբևիցե Քիմը զգա հանրաճանաչության պակաս, նա կարող է տեղափոխվել Հայաստան, որտեղ նրա անունն անմար կլինի մինչև կյանքի վերջ»:

 

 

Երևան այցելության առաջին իսկ օրը Քիմը որոշեց անակնկալի բերել քրոջը և տեղեկացրեց նրան իր հղիության մասին' հավելելով, որ սա լավ առիթ է Քլոեի համար փայլելու և ունենալու սեքսուալ լուսանկարներ: Ինչին, ուրախացած Քլոեն կատակով պատասխանեց, որ քրոջ հղիության շնորհիվ նա էլ չի լինի ընտանիքի գեր մարդը: Նույն լուրով նա փորձեց ուրախացնել իր մորը, ով ապրումների մեջ էր իր նախկին ամուսնու Բրյուս Ջեների սեռափոխման որոշմամբ:

 

 

Մեգերյան կարպետների գործարան այցելության ընթացքում Քլոեն հանդիպելով մի աղջկա, գնահատեց նրա գեղեցկությունն ու խնդրեց լուսանկարել, որպեսզի լուսանկարը ուղարկի եղբորը' ապացուցելու, թե ինչպիսի գեղեցկուհիներ են ապրում Հայաստանում:

 

 

Հաղորդման մեջ նաև անդրադարձ կատարվեց քույրերի այցելությանն իրենց նախնիների բնակավայր Գյումրի, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, Քանիե Ուեսթի հանդիպմանը հայ երիտասարդների հետ «Թումո»-ում: