Սերժ Սարգսյանը մի խումբ արվեստագետների պարգևատրելու մասին հրամանագրեր է ստորագրել:

 

Երաժշտարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար երգիչ Հարութ Եսայու Փամբուկչյանին և Արմեն Հարպետի Գոնդրաչյանին (բեմական կեղծանունը՝ Արմենչիկ) շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում:

 

Արմենչիկին և Ձախ Հարութին վաստակավոր արտիստի պատվավոր կոչում շնորհելու հանգամանքը լայն արձագանք ստացավ սոցցանցերում, և քննադատությունների մեծ ալիք բարձրացավ:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի տեղեկացմամբ՝ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի ղեկավար Գագիկ Գինոսյանն այն կարծիքին է, որ մշակութային տեսանկյունից, օրինակ, Արմենչիկը, արժանի չէ այդ կոչմանը:

 

«Եկեք տեսնենք, թե քանի անգամ է Արմենչիկ ցուցադրվում ու քանի անգամ Կոմիտաս, ում ենք մենք պրոպագանդում և ինչ ենք անում ընդհանրապես: Կարծում եմ՝ տեսակի կռիվ է գնում, և մեզ համար կարևորագույն խնդիր կա, երևի թե մեզ մարտահրավեր են նետում, և մենք պետք է ավելի ջանասիրաբար աշխատենք: Հայրիկ Մուրադյանը մահացավ առանց որևէ կոչում ունենալու և շատ-շատ նմանները»,- ասաց Գինոսյանը:

 

Նկատեց, որ Արմենչիկը բավականին երիտասարդ տարիքում հասավ վաստակավոր արտիստի կոչմանը, մինչդեռ այդ կոչմանը հասնելու համար կենսափորձ է հարկավոր.

 

«45 տարեկանում ստացա մշակույթի վաստակավոր գործչի կոչում: Կարծում եմ՝ ինձ համար ևս մի քիչ վաղ էր, տարիների փորձառություն է պետք: Դանիել Երաժիշտը, ով 100-ավոր շարականներ է փրկել ոչնչացումից, միայն վերջերս է կոչում ստացել: Բնական է, բայց կոչում կարող են ստանալ նաև երեք տեսահոլովակ ունեցող, անհասկանալի երգեր երգող մարդիկ»:

 

Գագիկ Գինոսյանը նաև խորհուրդ տվեց լսել Արմենչիկի «Քու մաման» երգը և հասկանալ, թե ինչի է արժանի այդ երգիչը:

 

«Միայն ապրիլի 24-ի համար չէ Կոմիտասը, նա ողբերգակ չէ, Կոմիտասն ազգային մշակույթ է՝ և՛ ուրախ, և՛ ճամփորդի, և՛ խնջույքի, և՛ տառապանքի երգ է: Կոմիտասին կարող եք ամեն օր լսել տարբեր ժանրերում, բայց մենք եթերում տեսնում ենք միայն ապրիլի 24-ին»,- նկատեց պարոն Գինոսյանը, իսկ ասուլիսին ներկա թատերագետ Լևոն Մութաֆյանն էլ հիշեցրեց, որ Արմենչիկը ՀՀ քաղաքացի չէ, և նրան վաստակավորի կոչում շնորհելով՝ խախտվել է օրենքը: