Ֆեդերալ դատավոր Ջորջ Քինգը որոշել է, որ ձայնագրման ընկերությունները չեն կարող մասհանումներ ստանալ Happy Birthday To You աշխարհահռչակ երգի օգտագործման համար, որը կատարում են որպես ծննդյան օրվա շնորհավորանք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 22-ին հաղորդել է Associated Press գործակալությունը:

 

Այսպիսով, երգը ճանաչվել է համընդհանուր սեփականություն և կարող է օգտագործվել անվճար:

 

Առաջին անգամ երգի մեղեդու, բայց ոչ տեքստի հեղինակային իրավունքները 1935 թվականին ստացել է Clayton F. Summy Co.-ն: Այնուհետև դրանք անցել են վերջինիս ժառանգորդուհուն՝ Birch Tree Group-ին:

 

Տեքստի բացառիկ իրավունքներն ստանալու փորձ է արել Warner/Chappell Music-ը, որը ձեռք է բերել Birch Tree Group-ը:

 

120 տարի առաջ գրված երգի հեղինակային իրավունքները վեճի առարկա են դարձել 2013 թվականին: Դատի է տվել Good Morning To You Productions Corp ընկերությունը, որը հարկադրված էր մասհանումներ վճարել Warner/Chappell Music-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: