Երգչուհի Շակիրան, որը ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան է, Ջոն Լենոնի Imagine երգը կկատարի ՄԱԿ-ի գլոբալ զարգացման գագաթնաժողովի բացմանը, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 25-ին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Կոլումբիացի փոփ-աստղի խոսքով, Սիրիայում ստեղծված աղետալի հումանիտար իրադրության և փախստականների հետ կապված ճգնաժամի պայմաններում հարկավոր է կրկին հիշել այդ նշանավոր կոմպոզիցիայի ուղերձի մասին:
Ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 25-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ կունենա Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Նրա ուղերձից հետո կսկսվի գլոբալ զարգացման գագաթնաժողովը, որի բացմանը ելույթ կունենա Շակիրան: Սպասվում է, որ աշխարհի առաջնորդները կընդունեն «Կայուն զարգացման նպատակները» մինչև 2030 թվականը:
Ելույթ ունենալով ՄԱԿ-ում կայացած մամուլի ասուլիսում՝ Շակիրան հորդորել է աշխարհի ղեկավարներին և բոլոր մարդկանց՝ արդարացի ելք գտնել ներկայիս հումանիտար ճգնաժամից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: