Այն կետը, որտեղ զոհվել են նորակոչիկները, առաջնագիծը չէ, ռազմաճակատը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ռեժիսոր Արշակ Զաքարյանը, ով երկու օր առաջ է վերադարձել նշված վայրից:

 

«Հակառակորդն սկսել է օգտագործել է ավելի հեռահար կրակող զենքեր՝ խոշոր տրամաչափի, կիրառվում են թուրքական հրթիռներ, որոնք ավելի խորն են խոցում»,- նշեց Զաքարյանը:

 

Անդրադառնալով համացանցում շրջանառվող խոսակցություններին, թե ինչու են 18-ամյա նորակոչիկները եղել առաջնագծում, ինչի հետևանքով զոհվել են, Արշակ Զաքարյանը նկատեց. «Այսօր ամբողջ համացանցը խոսում է այն մասին, թե ինչ գործ ունեն նորակոչիկներն առաջնագծում, երկու օր առաջ եմ եկել այն կետից, որտեղ ռմբակոծվել են նորակոչիկները, անձամբ կարող եմ ասել, որ դա ռազմաճակատը չէ, դա առաջնագիծը չէ, այսինքն՝ զոհված նորակոչիկները չեն զոհվել առաջնագծում: Ոչ մի երեք ամսվա ծառայող չի բարձրանում առաջնագիծ, ուղղակի այս հրթիռները հնարավորություն ունեն ավելի հեռահար խփելու և այս անգամ ադրբեջանցիները խախտել են նաև այդ պայմանը և թիկունքի, տեսաք նաև գյուղերի վրա են կրակել: Այնպես որ՝ պետք է տերմինները ճիշտ օգտագործել, խուճապ չառաջացնել, չասել՝ 18 տարեկան նորակոչիկներին ուղարկել են առաջնագիծ՝ դեռ չսովորած բանակային հմտությունները: Ցավոք, այս անգամ հրթիռը կպել է այնպիսի տեղ, որտեղ նորակոչիկներն են եղել և զոհվել են»: