Յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 1-ին Հայաստանում նշվում է «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրը»՝ ի հիշատակ Զարուհի Պետրոսյանի և այն կանանց, ովքեր ընտանեկան բռնության զոհ են դարձել:
Այս տարի «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան կանցկացնի ընտանեկան բռնության զոհերին պատկանող իրերի ցուցահանդես: Ակցիան կսկսվի առավոտյան 10:00-ին, Հանրապետության հրապարակում, 11:00-ից մինչև 13:00-ն կոալիցիայի ներկայացուցիչները կառավարության շենքի դիմաց իրենց բողոքը կարտահայտեն՝ պահանջելով կառավարությունից ընդունել ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենք: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի տեղեկացմամբ՝ այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել են նախաձեռնության անդամները:
Բերելով ոստիկանության կողմից հայտնած վիճակագրությունը՝ նախաձեռնության անդամ Աննա Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ 2015 թվականի առաջին կեսին արձանագրվել է ընտանեկան բռնության 447 դեպք: Կոալիցիայի անդամ կազմող կազմակերպությունների տվյալներով՝ այս 8 ամսվա ընթացքում ստացվել է 1500 զանգ ընտանեկան բռնության վերաբերյալ, որոնց 99 տոկոսի դեպքում բռնության ենթարկվողը կանայք են: 2013-2015 թվականների ընթացքում ստացվել է 5300 հեռախոսազանգ, մոտ 30 մահացության դեպք: Այսինքն՝ շուրջ տասը կին մեկ տարվա ընթացքում մահանում է ընտանեկան բռնության հետևանքով, և շուրջ 45 երեխա մնում է առանց մայրական խնամքի»:
Ասուլիսին ներկա Լիլիթ Հայրապետյանն էլ նկատեց, որ շատ հաճախ լսում ենք կարծիքներ՝ դա նորմալ է ավանդական ընտանիքներում, ինչն, իհարկե, աբսուրդ է. չի կարող բռնությունը լինել ավանդական. «Մենք ունենք ծայրահեղ դեպքեր. ընտանիքում, որտեղ կա բռնություն, այդ ընտանիքում մեծացող երեխան վաղը մեր հասարակության մասն է կազմելու, իսկ մեր հասարակությանը հաստատ պետք չեն հոգեպես աղճատված անձինք»,- ասաց նա:
Նախաձեռնության անդամները հիշեցրին, որ այս վիճակագրությունն ունեցող երկրում դեռևս չկա օրենք, որը կկանխարգելի ընտանեկան բռնությունը: «2013 թվականից ջանում ենք ԱԺ-ում օրենքի քննարկման համար, սակայն պաշտոնյանների կողմից նկատում ենք կամքի բացակայություն՝ օրենքը առաջ տանելու և ընդունելու համար»: