Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում' պարզելու տնտեսաիրավագիտական համալսարանում գողություն կատարած անձի ինքնությունը։

 

 

2015 թվականի սեպտեմբերի 1-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքում գործող տնտեսաիրավագիտական համալսարանի մուտքի մոտ գտնվող աթոռի վրայից հափշտակել է քաղաքացու պայուսակը, որում եղել է գումար, անձնագիր և 3 բանկային քարտ՝ նրան պատճառելով զգալի չափի վնաս:

 

 

Դեպքի առթիվ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի և 324-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանշներով:

 

 

Դեպքի վայրի զննությամբ առգրավվել են համալսարանի մուտքի մոտ տեղադրված տեսախցիկի՝ տվյալ օրվա տեսագրությունը, որտեղ երևում է, թե ինչպես է մի երիատասարդ մուտք գործում համալսարան, վերցնում պայուսակը և հեռանում:

 

 

Դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտումն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ հայտնաբերելու տեսագրության մեջ պատկերված անձին։

 

 

Ովքեր ճանաչում են տեսագրությունում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:

 

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: