Օրենքով գող Արմեն Ղազարյանը, ով հայտնի է
«Պզո»-մականվամբ, ուրբաթ օրը Նյու Յորքի Դաշնային դատարանի կողմից դատապարվել է 37 ամսվա ազատազրկման, ենթարկվել 60 հազար դոլար տուգանքի վճարման և գույքի բռնագրավման:
Դատախազի հայտարարությունում ասվում է, որ «Ղազարյանը օրենքով գողի իր կարգավիճակն օգտագործել է «Միրզոյան-Թերջանյան կազմակերպության» գործունեությունը ծածկելու նպատակով»:
Մեղադրող կողմի տվյալների համաձայն՝ «Միրզոյան-Թերջանյան կազմակերպություն»-ը ամերիկյան 25 նահանգներում 118 կեղծ կլինիկաներ է բացել՝ «Մեդիքեր» («Medicare») ծրագրին ուղարկելով մարդկանց բուժման ծախսերը, որոնց տվյալները գողացված են եղել: Այս միջոցով կազմակերպությունը 35 միլիոն դոլար է ստացել: Իսկ խմբավորման ամբողջ շրջանառությունը 100 միլիոն դոլար է կազմել:
Ղազարյանն ապրում էր Գլենդել քաղաքում, որտեղ և ձերբակալվել է: Նա, օգտվելով օրենքով գողի իր կարգավիճակից, ԱՄՆ-ի այլ հանցագործների հետ վեճեր է լուծել: Մեղադրական փաստաթղթերում ասվում է, որ Ղազարյանը ԱՄՆ է ներգաղթել 1996թ-ին և այնտեղ է փախստականի կարգավիճակով, չնայած որ «մշտապես մեկնել է Հայաստան և Ադրբեջան»:
Վճիռը կայացնելիս, դատավորը նշել է, որ Ղազարյանը ստել է, ասելով, որ հայրը մահացել է Ադրբեջանում էթնիկական հուզումների ժամանակ: Իրականում նրա հայրը Մոսկվայում է ապրում:
Դատավորը նշել է նաև, որ Ղազարյանի հայտարարությունն այն մասին, որ նա ավտոմեխանիկ է, իրականությանը դժվար թե համապատասխանի, քանի որ վերջինս 150 հազար դոլար արժողությամբ «Ռոլս-ռոյս»-ի սեփականատեր է, և մեղադրող կողմի տվյալների համաձայն, մեկ միլիոն դոլար է ծախսել Լաս Վեգասի խաղատներից մեկում:
Միևնույն ժամանակ, դատավորը ոչ մի ապացույց չի գտել այն մասին, թե Ղազարյանն է ղեկավարել հանցավոր խումբը և մասնակցել «Մեդիքերի» հետ կապված խարդախություններին: Օրենքով գողը իրեն մեղավոր է ճանաչել միայն 100 հազար դոլարի դրամաշորթության մեջ:
Հաշվի անելով այն հանգամանքը, որ Ղազարյանը արդեն 30 ամսով եղել է ամերիկյան բանտում, կես տարի անց նրան ԱՄՆ-ից կարտաքսեն: Սակայն դեռ հայտնի չէ, թե նրան ուր կուղարկեն. նա Բաքվում է ծնվել, սակայն, նրա հավաստմամբ, հեռացել է այնտեղից էթնիկական հողի վրա տեղի ունեցած բռնությունների պատճառով: Ղազարյանի մայրը Հայաստանում է բնակվում:
Ղազարյանը վերջին խոսքից հրաժարվել է:
Ավելի վաղ ՀՖԲ-ի նյույորքյան ղեկավար Ջենիս Ֆեդարչիկը հայտարարել էր, որ Ղազարյանը «առաջին եվրասիական օրենքով գողն է, ով ձերբակալվել է ԱՄՆ-ում, այն բանից հետո, երբ 1995թ-ին այստեղ ձերբակալվեց Վյաչեսլավ Իվանկովը»: Սկզբում Ղազարյանին 20 տարվա ազատազրկում էր սպառնում, սակայն առավելագույն ժամկետները երբեք չեն հաստատվում այն մեղադրյալների վերաբերյալ, ովքեր համագործակցում են իրավապահ մարմինների հետ:
«Криминальная Россия» պորտալի տվյալներով՝ բազմաթիվ անգամներ դատապարտված Արմեն Ղազարյանը «թագադրվել» է 1991թ-ին Ռոստովում: Օպերատիվ տվյալների համաձայն՝ Հայաստանում նա հանցագործ խմբավորման առաջնորդ էր, որը զբաղվում էր զենքի, թանկարժեք մետաղների անօրինական շրջանառությամբ, թմրանյութերի մաքսանենգությամբ, ինչպես նաև մարդկանց առևանգմամբ և դրամաշորթությամբ:
Ղազարյանը կասկածվում է հայ օրենքով գողեր Աբոյի և Լյովի սպանությունների մեջ, ովքեր գնդակահարվել էին 1993թ-ին Ռոստովում:
1995թ-ին նա հազիվ ազատվեց մահից, երբ Մոսկվայում դիպուկահարը կրակեց նրա կողքին կանգնած քրեական հեղինակություն Իշխան Սարգսյանի վրա, ով մասնակցում էր Ղազարյանի «թագադրմանը»: Դրանից հետո Ղազարյանը փախել է ԱՄՆ:
1999թ-ի աշնանը նա այցելել է Երևան, որտեղ ձերբակալվել է զենք կրելու համար, սակայն շուտով ազատ է արձակվել և վերադարձել է Կալիֆոռնիա: