Վերջերս ավարտվեց «Բախտաբեր» հեռուստասերիալը, ավարտվեց բավականին արտասովոր կերպով` հեռուստադիտողների հոծ բազմության մոտ թողնելով բազմաթիվ անպատասխան հարցեր: Այս առնչությամբ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցել է «Բախտաբեր» հեռուստասերիալի գլխավոր պրոդյուսեր Էդգար Ավագյանի հետ: 

 

 

- Սերիալի առաջին եթերաշրջանի անսպասելի ավարտն ու հանգուցալուծումն անակնկալ էր հեռուստադիտողի համար: Ինչո՞ւ հենց այդպես այն ավարտվեց:

 

 

- «Բախտաբեր» հեռուստասերիալն ութ ամիս առանց դադարի ցուցադրվել է՝ ունենալով բարձր դիտողականություն և բոլոր ցուցանիշներով ապահովելով առաջատարի դիրք՝ առաջին իսկ սերիայից:

 

 

Ըստ հեռուստատեսային ոլորտը չափող միջազգային «Տելեմեդիակոնտրոլ» ընկերության ներկայացրած տվյալների՝ Հայաստանում «Բախտաբեր» հեռուստասերիալն անփոփոխ կերպով եղել է առաջին հորիզոնականում՝ բոլոր հեռուստանախագծերի վարկանիշային ցուցակում՝ ամսվա կտրվածքով: Սերիալի ցուցադրման ողջ ընթացքում միջինացված տվյալներով յուրաքանչյուր սերիան դիտել է մոտ 250 հազար մարդ, որը կազմում է տվյալ պահին հեռուստացույց դիտողների 46 տոկոսը:

 

 

 

 

Այն կրկին առաջատարի ցուցանիշներ է ունեցել թե´ ԱՄՆ-ում, թե´ Եվրոպայում, թե´ Ռուսաստանում, թե´ համացանցում:

 

 

Նման ռեյտինգային ցուցանիշներ ունենալը մեր աշխատանքային թիմի դժվարին աշխատանքի արդյունքն է, իսկ հանդիսատեսը միշտ պահանջկոտ է: Այդ պատճառով մենք փորձում ենք ամեն անգամ մի նոր, հետաքրքիր լուծում առաջարկել:

 

- Հեռուստադիտողի համար անակնկալ էր նաև Սոս Ջանիբեկյանի՝ «սցենարից դուրս մնալը»:



- Սոս Ջանիբեկյանի՝ սերիալից դուրս գալն ի սկզբանե պայմանավորված է եղել սյուժեով, քանի որ դերասանի զբաղվածությունը մի շարք այլ ֆիլմերում բավականին մեծ էր, իսկ դրա մասին մենք գիտեինք դեռ նախագիծը սկսելուց առաջ:

 

 

- Ինչպե՞ս որոշվեց սերիալի սյուժեի հիման վրա գեղարվեստական ֆիլմ նկարահանել:



-Սա էլ մեր խնդիրներից մեկն էր: Պահանջկոտ հանդիսատեսի համար նոր լուծումներ գտնել:

 

 

Այդպիսի մի լուծում էլ հիմա նախաձեռնել ենք:

 

 

«Բախտաբեր» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանի նկարահանումներն ավարտելուց հետո սկսեցինք նկարահանել «Բախտաբեր» գեղարվեստական ֆիլմը՝ սյուժեն համեմված մեկ տարվա իրադարձություններով:

 

 

Նկարահանումն իրականացվել է USArmenia 4K Production-ի և Accord Production-ի կողմից: Սցենարի հեղինակն է Անահիտ Մխիթարյանը, ռեժիսորը Վահե Սայանն է, ֆիլմում հանդես են գալու սերիալում նկարահանված բոլոր դերասանները:

 

 

Հաշվի առնելով մեր հանդիսատեսի հետաքրքրությունը՝ կարող եմ ասել, որ առաջին եթերաշրջանի 140-րդ սերիայի վերջին հատվածում մենք արդեն իսկ փոքրիկ հատված ցուցադրել ենք ֆիլմում ներկայացված իրադարձություններից:

- Երկրորդ եթերաշրջան կլինի՞:



- Երկրորդ եթերաշրջանի մասին դեռ շուտ է խոսել. սցենարային քննարկումների փուլի մեջ ենք, բայց մեզ նաև հետաքրքիր է հանդիսատեսի կարծիքը և պահանջը՝ երկրորդ եթերաշրջանի նկարահանման աշխատանքները սկսելուց առաջ:

 

 

- Ե՞րբ և որտե՞ղ հանդիսատեսը կարող է դիտել ֆիլմը:



- Գեղարվեստական ֆիլմի ցուցադրություն հեռուստատեսությամբ առաջիկայում նախատեսված չէ: Ֆիլմը հնարավոր է դիտել բոլոր կինոթատրոններում:

 

 

Պրեմիերան կլինի հոկտեմբերի 8-ին՝ «Հայաստան» կինոթատրոնում ժամը 20.00-ին:

 

 

Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Բախտաբեր» գեղարվեստական ֆիլմի թրեյլերը: