ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանի համար դժվար է գտնել խոսքեր, որոնք կկարողանան փոխանցել այն զգացումները, որ նա ապրում է Երևանի մասին խոսելիս:
Քաղաքի նկատմամբ սիրո և «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության մասին ԼՈՒՐԵՐ.com-ըզրուցել է նրա հետ:
- Ի՞նչ է Երևանը Ձեզ համար:
- Երևանն ապրելակերպ է: Ու կարծում եմ՝ ոչ միայն ինձ, այլև ցանկացած հայ մարդու համար է դժվար լիարժեք ու ամբողջական բնութագրել Երևանը: Դժվար է գտնել խոսքեր, որոնք կկարողանան փոխանցել այն զգացումները, որ ապրում ես Երևանի մասին խոսելիս: Երևանն ամենուր է՝ մտքում, սրտում, հոգում: Ու հատկապես, երբ քաղաքից հեռու եմ լինում, ամենուր սկսում եմ փնտրել իմ Երևանը: Իհարկե, հասկանում եմ, որ ամեն մի քաղաք յուրովի է գեղեցիկ և ունի իր դեմքը, ունի իր պատմությունն ու ոճը, սակայն Երևանն այս ամենից զատ ինձ համար ունի նաև հարազատ հոգի:
- Ի՞նչ նշանակություն ունի Ձեզ և Ձեր ընտանիքի համար «Էրեբունի-Երևան» տոնը:
- Միշտ տոնին անմիջական մասնակցում եմ, շատ եմ սիրում զբոսնել զարդարված քաղաքով, զգալ տոնի շունչն ու բույրը, զգալ այն հավաքական ջերմությունը, որ բխում է յուրաքանչյուրի սրտից: Սիրում եմ լուսանկարել տոնական զարդարանքը: Սիրում եմ մտքում կրկնել՝ շնորհավոր ծնունդդ, իմ գեղեցկուհի: Այս տարի առաջին անգամ արդեն ավանդական դարձած տոնական զբոսանքին կմասնակցի նաև դուստրս՝ փոքրիկ Արիանան ու, համոզված եմ, նա էլ իր ծնողների նման, շատ կսիրի մեր քաղաքն ու քաղաքի ծննդյան տոնը:
Օգտվելով առիթից՝ կուզեմ նաև նշել, որ շատ եմ ուրախանում, երբ տեսնում եմ մեր քաղաքի հերթական գեղեցիկ նորույթը՝ լինի նոր պուրակ, նորոգված շատրվան, թե բարեկարգված բակ: Օրեցօր է՛լ ավելի է գեղեցկանում մեր քաղաքը, ու դա չնկատել հնարավոր չէ: Մի բան եմ մաղթում քաղաքիս՝ շեն ու կանգուն մնա բազում հազարամյակներ, շատ ու շատ հայերի սրտեր լցնի այն ջերմությամբ, որը հատուկ է միմիայն Երևանին: